Լուսանկարների և վիդեոների մշակման Prisma հավելվածի հիմնադիր Ալեքսեյ Մոյեսեենկովը ներկայացրել է Prisma Live ծառայությունը, որը թույլ կտա նախագծի ֆիլտրերը կիրառել Facebook Live և այլ սթրիմինգային ծառայություններում: Այս մասին գրում է VentureBeat-ը:

Prisma-ն սեփական ֆիլտրերը կավելացնի Facebook Live վիդեոհեռարձակումների ծառայության մեջ սոց.ցանցի API-ի միջոցով:

Ֆունկցիան Prisma-ում կհայտնվի առաջիկա օրերի ընթացքում: Օգտատերերը կկարողանան միացնել հեռարձակումը Prisma Live-ի միջոցով: Մոյեսեենկովի խոսքով ուղիղ հեռարձակման ժամանակ հասանելի կլինեն հավելվածի մինիմում 10 ֆիլտր: Հետագայում ֆիլտրերի քանակը կավելացվի, խոստանում են Prisma-ից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Facebook-ը ներկայացրել էր հայտնի նկարիչների գործերն իմիտացնող վիդեոներ մշակելու համար սեփական հավելվածը: Facebook-ից անմիջապես հետո նման տեխնոլոգիայի վրա աշխատանքների մեկնարկի մասին հայտարարեց նաև Google-ը:

Prisma-ի հիմնադիրը օրինաչափ է համարում այս տեխնոլոգիայի հանդեպ հետաքրքրության աճը: Նրա խոսքով Prisma-ում հասկանում են, որ հիմա այս դաշտում այլ խաղացողներ էլ են հայտնվում, սակայն նշում, որ հաշվի առնելով իր թիմի փորձառությունը այս ոլորտում՝ Prisma-ն միշտ ավելին կարող է առաջարկել, քան մրցակիցները: 

2016 թվականի հոկտեմբերին Prisma-ում հայտնվեց կարճ վիդեոներ մշակելու ֆունկցիան, որն առայժմ հասանելի է միայն iOS օպերացիոն համակարգի համար:  Օգտատերը կարող է 15 վայրկյան տևողությամբ վիդեո պատրաստել՝ հասանելի ինը ֆիլտրերի միջոցով: