Ըստ թերթի հավաստի տեղեկությունների՝ Եվրամիության եւ Առետրի համաշխարհային կազմակերպության համապատասխան ստորաբաժանումները որոշում են կայացրել վարույթ սկսել Հայաստանի դեմ՝ ազատ առեւտրի կանոնները խախտելու համար:

Խոսքը ներմուծվող եւ Հայաստանում արտադրվող ծխախոտի եւ օղու հարկերի գործող տարբերության մասին է: Այսինքն, Հայաստանը, ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների, ներմուծվող ծխախոտն ու օղին ավելի շատ է հարկում, քան նույն ապրանքների ներքին արտադրությունը:

Վերջերս ՀՀ ԱԺ-ն փոփոխություններ կատարեց մի շարք օրենքներում եւ մի փոքր նվազեցրեց ներմուծվող եւ տեղական արտադրանքի հարկերի տարբերությունը, սակայն ԵՄ-ն եւ ԱՀԿ-ն, ինչպես երեւում է, դա քիչ են համարում: Ըստ գործող կարգի, եթե նշված կառույցները վարույթը մինչեւ վերջ տանեն, ապա գործը կհայտնվի միջազգային արբիտրաժում, Հայաստանի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել:

Դրանից խուսափելու համար ՀՀ իշխանությունները ստիպված են լինելու հարկերի տարբերությունը հասցնել նվազագույնի: