Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում ազատ կարձակվեն անազատության մեջ գտնվող մեկ տասնյակից ավելի ընդդիմադիր գործիչները:
«Բոլորին են ազատ արձակելու», - ասել է Լ. Տեր-Պետրոսյանն ու շարունակել. «Որ գործընթացը տեղի է ունենում` ոչ մի կասկած»:
Հարցին, թե ինչի մասին է զրուցելու Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ (հարցազրույցը եղել է այդ հանդիպումից առաջ), ՀԱԿ-ի առաջնորդը պատասխանել է. «Մենք ուրիշ թեմա չունենք, մեր թեման իրենց իսկ սահմանած թեման է` 1677 բանաձեւն է: Մենք հասնելու ենք այն բանին, որ այդ բանաձեւը մինչեւ վերջ կատարվի: Այլապես կհեղինակազրկվի այդ ամբողջ կառույցը: Արդեն դա իրենք էլ են զգում»:
Հարցին էլ, թե ինչու մինչեւ հիմա կատարված չեն նշված բանաձեւի պահանջները, Տեր-Պետրոսյանը արձագանքեց. «Համաներումից հետո նրանք կարծես թե իրենց բավարարված զգացին, որ իբր թե մեծ գործ են արել, եւ դրա համար նույնիսկ մոնիթորինգի կարգավիճակը նվազեցրին: Բայց անցած մեկ տարին, կարծում եմ, նրանց էլ համոզել է, որ իրենց սպասումները չեն արդարացել, եւ, ըստ էության, Հայաստանի իշխանությունները իրենց խաբել են: Ուղղակի խաբել են: Ես չեմ հղի հիմա ինչ-որ մարդկանց, բայց ես գիտեմ, որ նրանց տրամադրությունը հիմա այդպիսին է: Նրանք իրենց խաբված են զգում, որը հեղինակազրկում է իրենց իսկ կառույցը: Դա նրանք չեն հանդուրժելու»:
Նա կարծիք հայտնեց, որ Եվրախորհուրդն ուժեղացնելու է ճնշումները Հայաստանի իշխանությունների վրա. «Նրանք ունեն վեց սանկցիա, որ կարող են կիրառել Եվրախորհրդի անդամ ցանկացած երկրի նկատմամբ: Նրանք մեկը սպառնացին` Հայաստանի պատվիրակությանը քվեարկության ձայնից զրկելու պատժամիջոցն էր, եւ դրանով հասան այդ կիսատ-պռատ համաներմանը: Նրանք ունեն ավելի խիստ պատժամիջոցներ էլ` ընդհուպ մինչեւ Եվրախորհրդից երկրին վտարելը»:





























