Հայ մի խումբ գիտնականներ պատրաստվում են նոր տեխնոլոգիայի հիման վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների անալիզատոր ստեղծել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Մանուշակ» ինովացիոն սթարթափին միացած գիտնականների խմբի անդամ Սերգեյ Խալփախչյանը:
Արտասահմանյան նմանակների համեմատությամբ՝ Հայաստանում ստեղծվող նախատիպն ամեն ինչով ավելի դյուրին է եւ կառուցվածքով ավելի պարզ, նաեւ թույլ է տալիս բարձր ճշգրտություն ստանալ միանգամից մի քանի անհրաժեշտ պարամետրերով: Որպես ճառագայթների ընդունիչ օգտագործվում են սինթետիկ կորունդները՝ հազվագյուտ մետաղների եւ այլ նյութերի հավելմամբ: Կորունդների կազմը եւս գիտնականներն ինքնուրույն են մշակում, իսկ ապագայում ցանկանում են իրենք աճեցնել այն:
Սարքի նախատիպը չափում է ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունն ու բեւեռացումը:
«Աշխարհում այդպիսի սարքեր կան, բայց դրանք ճշգրիտ են ինչ-որ մի բանում: Դրանցից ոմանք կարող են շատ զգայուն լինել, բայց վատ գրանցել ճառագայթման տիրույթը: Մյուսները՝ հակառակը: Իսկ մենք ձգտել ենք մեր սարքն ունիվերսալ դարձնել»,- նշեց Խալփախչյանը:
Նրա խոսքով՝ փորձարկումների ժամանակ սարքն այնպիսի բարձր ճշգրտություն է ցուցադրել, որ դրանցով կարելի է չափել նույնիսկ վակուումային տիրույթի գերկարճ ուլտրամանուշակագույն ճառագայթները: Աշխարհում այժմ գրեթե չկան սպեկտրի այդ հատվածի համար չափող սարքեր, հավելեց գիտնականը:
Ուլտրամանուշակը պետք է չափել ամենուր, որտեղ այն կիրառվում է: Բժշկության մեջ՝ որպեսզի այն դեղից թույնի չվերածվի, ջրի մաքրման մեջ՝ որպեսզի ավլցուկային ճառագայթում չտրվի, սպետրաչափության մեջ՝ որպեսզի ճիշտ որոշվի նյութերի կազմը:
Ի վերջո՝ կարեւոր է նաեւ բնական ճառագայթումը չափելը, որպեսզի պարզվի՝ վտանգավոր չէ՞ տվյալ տեղանքում արեւի տակ գտնվելը, եւ որոշվի, թե այնտեղ ինչ վիճակում է օզոնային շերտը:
Կիրառական արդյունքներից զատ, ուլտրամանուշակագույն ճառագայթման անալիզը նաեւ հիմնարար գիտության համար է կարեւոր դռներ բացում: Մասնավորապես՝ օգնում է տիեզերքի մասին նոր բաներ իմանալ:
«Ահա եւ այստեղ է անհրաժեշտ բեւեռացման չափումը: Բոլոր աստղերի գագաթնակետային ճառագայթումն այս տիրույթում է: Եվ եթե բեւեռացումը փոխվում է, նշանակում է՝ կա՛մ աստղի հետ է ինչ-որ բան տեղի ունենում, կա՛մ ճանապարհին ճառագայթմանն ինչ-որ կլանողներ են հանդիպում: Օրինակ՝ սեւ խոռոչներ: Չափելով ճառագայթումը՝ կարելի է դա նշագրել»,- հավելեց գիտնականը:
Ներկայումս գիտնականների սթարթափն աշխատում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (VTC) տեխնիկական աջակցությամբ, որն իր հերթին համակարգվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» (EIF) հիմնադրամի կողմից:




























