Կոմիտասի անվան պանթեոնի հարեւանությամբ գտնվող տարածքում դելֆինարիում կառուցելու դեմ բողոքող ու հացադուլ հայտարարած երգիչ արվեստաբան Շահեն Թաթիկյանը դադարեցրել է հացադուլը: Նա անժամկետ հացադուլ էր սկսել հոկտեմբերի 19-ին եւ հայտարարել, որ կդադարեցնի հացադուլը միայն այն ժամանակ, երբ քաղաքի իշխանությունները հետ կանգնեն պանթեոնի տարածքում զվարճանքի վայր` դելֆինարիում կառուցելու մտքից: Նա անգամ կոչ էր արել դելֆինարիումի փոխարեն մատուռ կառուցել:

Այժմ երգիչը տանն է եւ հացադուլից հրաժարվելը բացատրում է նրանով, որ այն իր դերը կատարել է, քանի որ կեսգիշերին իրեն է այցելել Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ հավաստիացրել, որ օրերս այգին սեփականաշնորհումից հետ վերցնելու որոշում է կայացվելու, այն կմաքրվի, պարիսպ կքաշվի եւ կդառնա պատմամշակութային համալիր:

Գիշերը Թաթիկյանին են այցելել նաեւ քաղաքապետարանի աշխատակիցները եւ սկսել ժամանակավոր պարիսպ կառուցելու աշխատանքները, ինչն էլ նրան վստահություն է ներշնչել, որ իր պայքարն արդյունք է տվել:

Հիշեցնենք, որ երեկ` NEWS.am-ի թղթակցին Թաթիկյանն ասել էր, որ իրեն վատ է զգում, քանի որ «տարիքն այն չէ» հացադուլ անելու համար:

Հարցին, թե քաղաքապետարանն արձագանքե՞լ է իր հացադուլին, Թաթիկյանը պատասխանեց, որ ինքը չի էլ սպասում որեւէ արձագանքի. «Ես քաղաքապետ չունեմ, իմ քաղաքապետը ոչնչացրել է բոլոր այգիները եւ հիմա էլ Կոմիտասի անվան պանթեոնը: Ես քաղաք ունեմ, բայց այն Գրիգոր Հասրաթյանից հետո մնացել է առանց քաղաքապետ»: