Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին Լեռնային Ղարաբաղի հարցով ոչ մի շրջանակային համաձայնություն չի կնքվի։ Հոկտեմբերի 22-ին այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։

Նրա խոսքով, ներկայումս այդօրինակ փաստաթղթի նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Օրակարգում է դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում  բանակցությունների ձեւաչափի որոշման հարցը։

Ինչպես նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ ժամանակներս կայցելեն տարածաշրջան եւ կողմերին կներկայացնեն գնահատման առաքելության աշխատանքների վերաբերյալ զեկույցը։

«2005 թվականին տեղի ունեցած առաջին առաքելության հետ համեմատած՝ այս անգամ միջնորդներն ու առաքելության անդամներն այցելեցին յոթ օկուպացված շրջաններ։ Մենք սպասում ենք գնահատման առաքելության զեկույցին, որպեսզի ներկայացնենք նրանց աշխատանքի վերաբերյալ մեր եզրահանգումները»,- Մամեդյարովի խոսքերն է մեջբերում ադրբեջանական Trend գործակալությունը։

Անդրադառնալով Հայաստանի Ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու «Ժառանգություն» կուսակցության կողմից ներկայացված օրինագծին՝ նա ընդգծել է, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը Երեւանի կողմից մեծ սխալ կլինի։ «Եթե Հայաստանն սկսի Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու գործընթացը, դա միջազգային իրավունքի տեսակետից մեծ սխալ կլինի։ ԼՂՀ ճանաչումը կնշանակի, որ Երեւանը ճանաչում է նաեւ Ադրբեջանի տարածքների օկուպացման փաստը»,- ասել է Մամեդյարովը։