Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի փոփոխություններով՝ Հանձնաժողովի ֆինանսավորման նոր մեխանիզմ կգործի։ Այդ մասին այսօր` հոկտեմբերի 22-ին հայտարարեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։

Ըստ մեր տեղեկությունների՝ օրենքով սահմանվելու է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի աշխատավարձը 3 անգամ գերազանցելու է նախարարի տեղակալի աշխատավարձին, բացի այդ՝ նա ունենալու է 13-րդ աշխատավարձ։ Ինչ վերաբերում է հանձնաժողովի աշխատակիցներին, ապա նրանց աշխատավարձի ֆոնդը հաշվարկվելու է հանձնաժողովի անդամի աշխատավարձի 40 տոկոսի հաշվարկով։

Հիշեցնենք, որ ըստ գործող օրենսդրության՝ նախարարի տեղակալի պաշտոնային դրույքը ներկայում կազմում է ամսական 180 հազ. դրամ (500 դոլար): Հետեւաբար՝ Հանձնաժողովի անդամների պաշտոնային դրույքը կկազմի ամսական 540 հազ. դրամ (1500 դոլար), չհաշված 13-րդ աշխատավարձը։ Սա ավելի բարձր է, քան Հայաստանի նախագահի պաշտոնային դրույքը, որը կազմում է ամսական 400 հազ. դրամ է (1110 դոլար): Նշենք, որ Հանձնաժողովը կազմված է 7 անդամից՝ նախագահ, տեղակալ եւ 5 անդամ։