Հայաստանի ոստիկանությունն արտաբյուջետային հիմնադրամների կարիք ունի, այլապես միջոցները չեն բավականացնում պլանավորած խնդիրներն իրականացնելու համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հայտարարել է փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը՝ ելույթ ունենալով 2017-ի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական լսումներին եւ պատասխանելով ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հարցին:

Եղիազարյանի խոսքով՝ երբ Ոստիկանությունը մշակում էր 2015-17 թվականների միջոցառումների ծրագիրը, ստիպված էր հաշվի առնել նախորդ ծրագրի փորձը, երբ միջոցների բացակայության պատճառով միջոցառումների 13 տոկոսը չհաջողվեց իրականացնել:

2017 թվականին Ոստիկանությունը բյուջեից  36,4 մլրդ դրամ կստանա: 2016 թվականի սկզբին այն արտաբյուջետային միջոցներից մոտ 22 մլրդ է ստացել: Այդ միջոցները ստացվում են հիմնականում  Ճանապարհային ոստիկանության (տուգանքներ) եւ Անձնագրերի ու վիզաների վարչության (տուրքեր) հաշվին, սակայն ծախսվում են նաեւ այլ ստորաբաժանումների համար՝ դրանց տեխնիկական վերազինման եւ պայմանների բարելավման համար: «Միջոցները ծախսվում են կառավարության հաստատած կարգի համաձայն»,- հավելել է նա: