Թուրքիայում ընթացող սկանդալային «Էրգենեկոն»-ի հերթական դատավարության ընթացքում գործով անցնող ամբաստանյալ Օսման Յլդըրըմը բռունցքով հարվածել է մեկ այլ ամբաստանյալ, երդվյալ հակահայ թուրք գործիչ, «Աշխատավորական» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ առաջին «Էրգենեկոն»-ի դատավարության 162-րդ դատալսման ժամանակ հայտարարված ընդիջման ժամանակ Օսման Յլդըրըմը հարվածել եւ գետին է տապալել Դողու Փերինչեքին։ Դատավորը շատ է զարմացել, երբ իմացել է կատարվածի մասին եւ հարցրել, այդ ինչպե՞ս ժանդարմների հսկողության տակ հարձակում տեղի ունեցավ։
Դատավորը 4-օրյա խիստ կարգապահական պատժի է ենթարկել Օսման Յլդըրըմին, իսկ Դողու Փերինչեքը տեղափոխվել է հիվանդանոց։
Նշենք, որ Դողու Փերինչեքը հայտնի է խիստ հակահայ գործունեությամբ։ Նրա կողմից ստեղծված «Թալեաթ փաշա» կազմակերպությունը Եվրոպայում պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ։ Դողու Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։
Թուրք լրագրողները պարզել էին, որ Փերինչեքը արմատներով հայ է, քանի որ այն գյուղում, որտեղ որ ապրել են իր հայրն ու մայրը, բնակչությունը կազմել են բացառապես հայերը։





























