Քրեական գործով ամբաստանյալ Արման Առաքելյանը հրաժարվեց իր հանրային պաշտպանից
Երեւանի կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 1-ին, զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրանքող Արարատ Խանդոյանի եւ Արման Առաքելյանի գործով մեկնարկած առաջին նիստը հետաձգվեց:
Գործով ամբաստանյալների պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգելու, որպեսզի հասցնի ծանոթանալ քրեական գործով նյութերին:
Նշենք, որ քրեական գործով ամբաստանյալ Արման Առաքելյանը հրաժարվեց իր հանրային պաշտպանից, գործում որպես պաշտպան ներգրավվեց Արա Ղարագյոզյանը:
Լրագրողների հետ զրույցում ամբաստանյալների փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ իր պաշտպանյալների մեղադրանքի հիմքում գործով տուժող ճանաչված ոստիկանների տված ցուցմունքներն են:
«Գործով կա 44 տուժած, բայց ինչպես տեսնում ենք` նրանք դատարան են ներկայացել, ոչ մի վնասվածք չունեն, ես չգիտեմ, թե նրանց կոնկրետ իմ պաշտպանյալներն ինչ առողջական վնաս են հասցրել»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ հաջորդ դատական նիստին միջնորդությամբ է հանդես գալու` Արարատ Խանդոյանի տեսակցությունների վրա դրված արգելանքը հանելու համար:
Արա Ղարագյոզյանը նաեւ նշեց, որ ոստիկանների կողմից արձակված լուսաձայնային նռնակների պատճառով Արարատ Խանդոյանի մոտ տեսողության հետ կապված խնդիրներ են առաջացել:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 22-ին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը եւ Արման Առաքելյանը հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել
ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:
Արարատ Խանդոյանին եւ Արման Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Երկուսն էլ կալանքի տակ են:











