NEWS.am-ի տեղեկություններով հրաժարականի դիմում է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ստեփանյանը: Այս տեղեկությունը չեն ժխտել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Մասնավորապես այդ դատարանի նախագահ Սուրեն Կոստանյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հարցին, թե արդյո՞ք, Կարեն Ստեփանյանը հրաժարական է տվել, պատասխանեց. «Կարծում եմ, ներկայացրել է: Ես այլ տեղեկություն չունեմ: Նա հիմա գտնվում է արձակուրդում»:

Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերի վերջին Երեւանում համառորեն լուրեր էին շրջանառվում, թե սեպտեմբերի 25-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, իր աշխատասենյակում երակները կտրելով ինքնասպանության փորձ է արել նույն դատարանի դատավոր Կարեն Ստեփանյանը: Նա նշտարով կտրել է ձեռքի երակները:

Այնուհետեւ նա NEWS.am-ի հետ զրույցում հերքել էր իր ինքնասպանության փորձի մասին լուրերը՝ դրանք որակելով որպես «հայի չուզողության» դրսեւորում: Նա հավաստիացրել էր նաեւ, որ այդ օրը ինքն, ընդհանրապես, չի եղել աշխատավայրում:

«Այ քեզ այլանդակությո~ւն, մարդիկ պարապ են, եւ նման լուրեր են տարածում: Ես, ճիշտն ասած, այսօր եմ իմացել, որ լուսամուտից իբր ցած եմ նետվել: Մեկն էլ այսօր ինձ տեսավ, փաթաթվեց ու ասաց, վայ, պարոն Ստեփանյան, ես էլ լսել եմ, որ կախվել ես: Երեւի թե ոչ մեկը այդքան հային վատը չի ցանկանա, ինչքան հայը հային»,- ասել էր նա:

Ի դեպ, երբ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը փորձել է պայմանավորվել Ստեփանյանի հետ, որպեսզի լուսանկարի նրան, հատկապես ձեռքերն ու պարանոցը, վերջինս, առաջարկել է իրեն լուսանկարել միայն պատուհանից:

Նշենք, որ 52-ամյա Կարեն Ստեփանյանը  2009-ի փետրվարի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի