Երկրում տնտեսական շարժ չկա, ներդրումներ չկան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Իշխանություններն այնքան են մտածում ժողովրդի մասին, որ արդեն 10 հազար դրամով են տեղափոխում Մոսկվա, սա իհարկե զավեշտով եմ ասում, բայց այս տեղափոխման արդյուքնում կատաստրոֆիկ  բան է տեղի ունենում.  այսօր շուրջ երկու հարյուր հազար մարդ օգտվում է նպաստառու թոշակից եւ այս թիվը գնալով ավելանում է  եւ տակից նորը չի գալիս ու հասարակության մեջ նպաստառուների ու թոշակառուների տոկոսը արագացված տեմպերով բարձրանում է: Այսինքն թոշակառուների քանակն ավելանում է, թոշակները չեն ավելանում, իսկ սա նշանակում է, որ այդ առումով մեր հեռանկարը լուսավոր չէ, մութ է, քանի որ այն  մասը, որի հաշվին պետք է նպաստառուն հաշմանդամը փոխ ստանային, այդ մասից մուտք չկա»,- ասել է նա:

Ընդդիմադիր պատգամավորը շեշտել է, որ երիտասարդները արտագաղթում են, երկրում տնտեսական շարժ չկա, ներդրումներ չկան, ինչի հետեւանքով էլ եկամուտ չկա, որ թոշակներն ու նպաստները բարձրանան: