Թեեւ Կոմիտասի անվան պանթեոնում դելֆինարիում կառուցելու մտադրությունից իշխանությունները չեն հրաժարվել, սակայն դրա դեմ պայքարող եւ հացադուլ հայտարարած երգիչ արվեստաբան Վահրամ Թաթիկյանը համարում է, որ իր պահանջները կատարված են եւ ինքը դադարեցնում է հացադուլը:
«Իմ կողմից հայտարարված հացադուլը դադարեցրեցի, քանի որ այն հիմնական պահանջը, որ ներկայացրել էի, լիովին բավարարվեց. ես հանրապետության առաջին դեմքերից ստացա հաստատուն երաշխիք, որ Կոմիտասի անվան զբոսայգու տարածքում դելիֆինարիում չի կառուցվի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Վահրամ Թաթիկյանը։ Բանն այն է, որ ոչ թե դելֆինարիում չի կառուցվելու այդ այգում, այլ կառուցվելիք դելֆինարիումի հատվածը պարսպով առանձնացվելու է պանթեոնից:
Նրա խոսքով, ինքը հացադուլ հայտարարել է ոչ թե դելֆինների, այլ այգու տարածքը զվարճալիքների կենտրոնի չվերածելու, դելֆինարիում չկառուցելու համար։ «Ես հացադուլը սկսել էի հանուն այն գաղափարի, որ Պանթեոնին հանկարծ չսկսեին ասել դելֆինանոց կամ դելֆինարիումի այգի։ Այդ միտումը մեզ մոտ կա, հերիք է մի օբյեկտ դնեն, որ դիտավորյալ աղբանոցի ու թափառական շների հանգրվանի վերածված այգում մետաստազների նման աճեին զվարճանքի այլ օբյեկտներ եւս»,- նկատեց գրող-հրապարակախոսը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ այսօր` հոկտեմբերի 22-ի առավոտյան՝ ժամը 07։00-ի սահմաններում իրեն է այցելել Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ում հետ 1,5 ժամ տեւած զրուցում Թաթիկյանը, ի թիվս Կոմիտասի այգում դելֆինարիում չկառուցելու հարցի, բարձրացրել է մի շարք այլ էկոլոգիական հարցեր եւս։
«Նախարարն ինձ փոխանցեց երկրի նախագահի՝ այս առումով ունեցած մտահոգությունը։ Ես ասել էի, որ հացադուլը կդադարեցնեմ միայն այն դեպքում, եթե Հայաստանի առաջին դեմքերից համապատասխան հավաստիացում ստանամ առ այն, որ այգին պետք է վերադարձվի ժողովրդին եւ վերածվի պատմամշակութային համալիրի։ Բանավոր խոստման հիման վրա հացադուլը դադարեցնելը կնշանակեր սեփական անձը չհարգել։ Ես ասացի, որ եթե տարածքն ամբողջությամբ օտարված է, ապա թող այն առանձնացվի եւ համարվի, որ այս այգին այսքանն է, դրա համար էլ մի պարիսպ կառուցեք եւ ասեք, որ իմ պահանջն իրականացել է։ Բացի այդ ասացի, որ մինչեւ նրանց առաջին քայլը չտեսնեմ, վեր չեմ կենա։ Իսկ առաջին քայլը եղավ ժամը 12։00-ին, երբ Երեւանի քաղաքապետարանի երկու վարչությունների պետեր եւ 10-20 բանվորներ եկան, իմ աչքի առաջ «հազար ու մեկ գիշերների» նման կառուցեցին այդ պարիսպը։ Այնպես որ, այժմ այդ դելֆինարիումը հարաբերվում է Արշակունյաց պողոտային։ Իմ պահանջը բավարարված է։ Կոմիտասի այգում դելֆինարիում չի կառուցվելու»,- ասաց Վահրամ Թաթիկյանը:
Վերջում արվեստաբանը ընդգծեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ խոստացել է աջակցել այգու տարածքում իրականացվելիք ծառատունկին։
Նշենք, որ գրող-հրապարակախոս, երգիչ, արվեստաբան Վահրամ Թաթիկյանը Պանթեոնի մի փոքրիկ անկյունում վերջին երկու օրերին հացադուլ էր անցկացնում։ Նա բողոքի էր դուրս եկել «Ոչ բետոնացմանը», «Մի պահ քեզ ծառ զգա, կացինդ սրելուց առաջ», «Մենք ենք տերը այս քաղաքի», «Ծառ կտրողի քոքը կտրվի» կարգախոսներով: Թաթիկյանն այժմ տանն է։




























