«Մամուլի դահիճ» անունով հայտնի Սաիդ Մորթազավիին դատապարտել են մտրակի 135 հարվածի: Այս մասին հայտնել է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով նրա փաստաբանին:

Գործակալության տեղեկություններով՝  դատարանի որոշումը կապված է Սոցիալական ապահովության կազմակերպության ղեկավարի պաշտոնում Մորթազավիի գործունեության հետ, որը նա զբաղեցրել է խոշտանգումների կիրառման սկանդալից հետո: Նա մեղադրվում է միջոցների ապօրինի յուրացման եւ կազմակերպության ղեկավարի պաշտոնում իր պարտականությունների կատարման անփութության մեջ:

Մորթազավին դատախազի պաշտոնից ազատվել է 2009 թվականին խոշտանգումներ կիրառելու հիմքով, որը հանգեցրել է  կալանավորված երեք ցուցարարների մահվան, որոնք Թեհրանում մասնակցել էին նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցին. ընտրություններում հաղթել էր Մահմուդ Ահամադինեժադը: Պաշտոնանկությունից հետո Մորթազավին ղեկավարել է սոցիալական ապահովության հարցերով վարչությունը:

Սաիդ Մորթազավիին «մամուլի դահիճ» են անվանել ընդդիմադիր թերթեր փակելու եւ տասնյակ լրագրողների կալանավորելու պատճառով: