Ժամեր առաջ գերմանական Մյունխեն քաղաքում Triada Studio հայկական ընկերությունը արժանացել է Padi Award 2016 մրցանակի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Triada Studio-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանը։

Padi կամ մանկավարժական ինտերակտիվ մրցանակը ամեն տարի հանձնվում է մուլտիմեդիական լուծումներ տվող այն ընկերություններին, որոնց պրոդուկտները կրթական մեծ նշանակություն ունեն երեխաների եւ դեռահասների համար:

Triada Studio-ն հայտնի Shadowmatics խաղի հեղինակն է։ Եռաչափ փազլային խաղը թողարկվել է 2015թ. հունվարին, հասանելի է 13 լեզուներով, այդ թվում՝ հայերեն: 2015թ. խաղն արժանացել է Apple Design Awards մրցանակին: