Հայաստանում 240 հուշարձան կա, որոնք իրենց շրջակա տարածքներով հանդերձ խնամքի եւ պահպանման կարիք ունեն: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 22-ին խորհրդարանում հայտարարեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նախարարության կողմից կառավարություն է ներկայացվել համապատասխան ծրագիր, սակայն այն բյուջեում չի ներառվել, հետեւաբար` հուշարձանների պահպանման ֆինանսավորման հարցը մնում է առկախ: Ըստ Ա. Հարությունյանի` հուշարձաններին պետք է վկայականներ տրվեն, քանի որ շատ հաճախ պարզվում է, որ տարածքը սեփականաշնորհված է:

Նախարարը չկարողացավ պարզաբանել, թե ինչու կառավարությունը չի ցանկացել ֆինանսավորել հուշարձանների պահպանման ծրագիրը, թեեւ այն օրակարգում է դեռեւս 2008 թ.-ից: Ծրագիրն էլ, ի դեպ, կազմվել է հենց կառավարության հանձնարարոթյամբ: Ա. Հարությունյանը միայն խոստացավ պակասող գումարները ճարել տնտեսումների հաշվին կամ միջազգային կառույցներից: