Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը զբաղվում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի առաջարկով, որ Հայաստանում ազգականներ չունեցող դատապարտյալները պետք է հնարավորություն ստանան իրենց բարեկամների հետ շփվել Skype-ով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, 2017 թվականի պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումներից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Խնդրին տեղյակ եմ, երբ դեռ փոխնախարար էի, այդ հարցն անընդհատ քննարկվում էր, սա շատ կարեւոր հարց է։ Նաիրա Զոհրաբյանի ելույթը լսել եմ եւ մեզ մոտ նույնպես հանձնարարել եմ, որ զբաղվեն։ Այս պահին որեւէ դիրքորոշում չունենք, քանի որ բարդ խնդիր է, պետք է ուսումնասիրել, որովհետեւ երկրներ կան, որոնք թույլ են տալիս ինտերնետ կապի օգնությամբ շփումը, երկրներ կան՝ ոչ։ Կարծում եմ՝ լուծումներ առաջիկայում կլինեն, այս պահին բարդ է որեւէ բան ասելը, պրոֆեսիոնալ չէ այժմ գնահատականներ տալ»,- ասաց Արման Թաթոյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին «Զբաղվածության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ Նաիրա Զոհրաբյանն ընդգծել էր, որ նախ եւ առաջ շատ կարեւոր է ապահովել դատապարտյալների տեսակցության իրավունքը:

«Կալանավորներ կան, որոնք Հայաստանում ազգական չունեն եւ խնդրում են, որ հնարավորություն ստեղծվի եւ իրենք կարողանան Skype-ով շփվել իրենց հարազատների հետ, քանի որ կարճաժամկետ կամ երկարաժամկետ տեսակցության իրավունքից չեն կարող օգտվել: Կալանավորների 30-35 տոկոսը Հայաստանում ոչ մի ազգական չունի: Ինչո՞ւ մի համակարգիչ չեք տեղադրում, որ մարդն օգտվի իր իրավունքից»,- ասել էր պատգամավորը՝ դիմելով արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին։

Փոխնախարարն այդ ժամանակ տվել էր բավականին զավեշտալի պատասխան․ ֆինանսական խնդիրներ կան, իրենք դիմել են Կարմիր խաչին, որպեսզի օգնեն գնելու այդ համակարգչային սարքավորումները: