Terbium Labs ընկերության մասնագետները «խորը ինտերնետի» կամ «dark web»-ի մանրամասն ուսումնասիրություն են կատարել եւ գրեթե ոչ մի անօրինական բան չեն գտել այնտեղ: Այս մասին գրում է Engadget-ը:

Terbium Labs-ը տվյալների վերլուծությամբ զբաղվող ընկերություն է, որը մասնագիտացել է փնտրող մեքենաների կողմից չինդեքսավորվող ինտերնետի տիրույթի ուսումնասիրության վրա: Ընկերությունից հայտարարում են, որ չնայած սպասելիքներին՝ դարքնեթում գտնված ինֆորմացիայի միայն չնչին մասն է անօրինական: Ինֆորմացիայի մեծ մասը օրինական բնույթ է կրում: Մասնագետները ցանցի այդ տիրույթը համեմատել են ավելի շուտ դեռահասի ննջարանի, քան մոլագար-տեռորիստի պահեստի հետ. այս տիրույթում մասնագետները թե՛ թմրանյութեր են հայտնաբերել, թե՛ պոռնագրաֆիա, սակայն «ՀԴԲ (FBI) զանգահարելու կարիք չկա», ասում են նրանք:

Ինտերնետում անոնիմությունը ապահովող Tor ծրագրային ապահովման թրաֆիկի 6,8%-ը կազմում է պոռնոգրաֆիան, իսկ օրենքով արգելված պոռնոգրաֆիան՝ 1%-ը: Միեւնույն ժամանակ՝ թմրանյութերը՝ ներառյալ մարիխուանան, ընդհանուր թրաֆիկի 12,3% է կազմում: Առանց դեղատոմսի դեղերի թրաֆիկը կազմում է 3,2%: Հետաքրքիր է, որ զենքի վաճառքով զբաղվող կայքեր մասնագետները չեն կարողացել գտնել, սակայն խորը ինտերնետում անօրինական բովանդակություն չգտնելու փաստի դեմ է խոսում Պենտագոնի կողմից Tor-ը կոտրելու պատվերի փաստը: