Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն  այսօր` հոկտեմբերի 22-ին այցելել է Արարատի մարզի Ռանչպար եւ Մխչյան համայնքներ, ծանոթացել «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ»-ի (ՀՄՀ) ծրագրերի շրջանակում այս համայնքների պոմպակայանների վերականգնման եւ վերազինման աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետին ուղեկցել են մարզպետ Է. Բարսեղյանը, Հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանը, ՏԿՆ ջրային տնետեսության պետական կոմիտեի, շինաշխատանքներն իրականացնող եւ դրանց ընթացքը վերահսկող ընկերությունների ղեկավարները:

Ռանչպարի պոմպակայանը, որը սնում է ստորին Հրազդանի մայր ջրանցքը,  վերազինման արդյունքում կմատակարարի 5,5 խմ/վ ջուր` այդպիսով նվազեցնելով Սեւանա լճից ստացվող ջրաքանակը: Նախատեսվում է ընդհանուր 4,6 մլն դոլարի ներդրում, որը ծախսվելու է թե պոմպոկայանների վերազինման, թե շենքային պայմանների վերակառուցման նպատակով: Մխչյանի պոմպակայանի 9 պոմպերից վերազինվելու է 3-ը, ինչը հնարավորություն կտա կայուն ջրմատակարարամբ ապահովել Արտաշատի մայր ջրանցքը: Ներդրումներն այստեղ կկազմեն 4,3 մլն դոլար:

Փոխվարչապետը կարեւորել է աշխատանքների` որակով եւ ժամանակին կատարումը, պահանջելով, որ աշխատանքները ավարտին հասցվեն 2011-ի ապրիլի վերջին: