Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումն Աստրախանում`  Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ, կապված է բանակցային գործընթացում լարվածության առկայության վերաբերյալ անհանգստությամբ, ինչը տեսանելի է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միմյանց ուղղված վերջին հայտարարություններում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՅԴ հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Բացի այդ, այսպիսի հանդիպում կազմակերպելով, Ռուսաստանն, ըստ Մանոյանի, ցանկանում է ցույց տալ իր կարեւոր դերը բանակցային գործընթացում: Ընդ որում, դաշնակացական գործիչը նշեց, որ Մոսկվան այս հանդիպումը համաձայնեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահների հետ:

Նա քիչ հավանական համարեց, որ Աստրախանում կողմերին ԼՂ խնդրի կարգավորման նոր առաջարկներ արվեն: «Գոնե ես դրա համար հիմքեր չեն տեսնում»,- ընդգծեց Մանոյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Աստրախանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Մինչ այդ նման հանդիպում կայացել է Սանկտ-Պետերբուրգում այս տարվա հունիսին, որի ժամանակ կողմերին է ներկայացվել  Մադրիդյան սկզբունքների վերջին տարբերակը, ինչը Երեւանը համաձայնել է ընդունել որպես բանակցությունների հիմք: