Հոկտեմբերի 22-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված պաշտպանական բարեփոխումների ընթացքին, առկա խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Պնախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ ՀՀ պաշտպանական բարեփոխումների նպատակը քաղաքացիական վերահսկման եւ պաշտպանական պլանավորման ու կառավարման ժողովրդավարական հիմնարար սկզբունքների վրա հիմնված, արդիական ռազմական պահանջներին համապատասխանող, առավել ճկուն եւ ժամանակակից պաշտպանության համակարգի ստեղծումն է: Միաժամանակ, նա կարեւորել է ռազմավարական զսպման համակարգի ամրապնդումը` ՀՀ զինված ուժերի կողմից խաղաղության պարտադրման քաղաքականությունը շարունակելու նպատակով:

Ս.Օհանյանն անդրադարձել է նաեւ պաշտպանական քաղաքականության վերաբերյալ հանրային իրազեկման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտության:

Կոլեգիայի նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը` ներկայացնելով պաշտպանական բարեփոխումների առկա փուլի արդյունքները եւ հետագա անելիքները: ՀՀ զինված ուժերի երկարաժամկետ զարգացումն ապահովելու համար Դ.Տոնոյանը նշել է  բարեփոխումների անհրաժեշտությունը ռազմական կրթության ոլորտում:

ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության պետ, գնդապետ Գ.Տավարածյանն իր հարակից զեկույցում անդրադարձել է զինված ուժերի զորային կառույցի բարեփոխումների, արագ արձագանքման կարողությունների ընդլայնման խնդիրներին` նախանշելով առաջիկա անելիքները:

Ամփոփելով կոլեգիայի նիստը` Սեյրան Օհանյանն ընդհանուր առմամբ, դրական է գնահատել պաշտպանական բարեփոխումների նախորդ փուլում կատարված աշխատանքը եւ ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ հրամանատարական ղեկավար կազմին համապատասխան հրահանգեր ու ցուցումներ տվել` պաշտպանական բարեփոխումները պատշաճ կերպով շարունակելու նպատակով հիմնական շեշտադրումը կատարելով կադրային քաղաքականության եւ պլանավորման, ծրագրավորման եւ բյուջետավորման համակարգի  վրա: