Հանուն Հայաստանում խոսքի ազատության եւ ի պաշտպանություն «Ա1+»-ի ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ: Ստերու ներկայացնում ենք հայտարարությունը.
«Հոկտեմբերի 28-ին` ընդամենը յոթ օրից կբացվեն թիվ 11 լրատվական ուղղվածության հեռուստաալիքի համար ներկայացված մրցութային փաթեթեները: Հենց այս մրցույթին է մասնակցում «Ա1+» հեռուստաընկերությունը, ով իր փաթեթին կից պատրաստվում է ներկայացնել նաեւ հանրության քվեները:
«Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը` խորհրդանշական նվիրատվության տեսքով, սկսված է: Կարեւոր է ոչ թե գումարն է, այլ քաղաքացիների մասնակցությունը, որը նրանց քվեն է Ժողովրդական ալիքի` Ձեր հեռուստաընկերության համար:
Ձեր մասնակցությունը կարող է որոշիչ լինել հայկական հեռուստաեթերի համար:
Հավաքված գումարների մասին տվյալներն ու հավաստագրերը պետք է ներկայացվեն մրցութային փաթեթի բացման ժամանակ` հոկտեմբերի 28-ին:
Հիշեցնենք, որ «Ա1+»-ի հայցով` Հայաստանում խոսքի ազատության ոտնահարման վերաբերյալ Եվրադատարանի 2 տարի առաջ կայացրած վճիռը վերջապես կարող է ի կատար ածվել, եթե Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից անցկացվող մրցույթը լինի ազատ, արդար եւ թափանցիկ:
Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք` հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը իշխանություններից պահանջող հեռուստաընկերություն, պարզ կդառնա այդ օրը:
«Ա1+» անկախ հեռուստաընկերությունը հայտ է ներկայացրել վերստին եթեր վերադառնալու` հակառակ 2002թ ապրիլի 2-ից մինչ օրս 12 անգամ ՀՌԱՀ-ի կողմից մերժված լինելու փաստի:
«Ա1+»-ն մասնակցում է լրատվական-վերլուծական ուղղվածության հեռուստաալիքի արտոնագրի մրցույթին` որպես ծանրակշիռ փաստարկ ունենալով շուրջ 20 տարվա աշխատանքային փորձը, վարկանիշը, Եվրադատարանի վճիռը, ինչպես նաեւ հանրության աջակցությունը:
Հանրությունն աջակցում է «Ա1+»-ին` ի դեմս «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի:
Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Ինտերնյուս» ՀԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, 2001-2007թթ ՀՌԱՀ անդամ, Մշակույթի նախկին փոխնախարար,արձակագիր Կարինե Խոդիկյանը, դերասան Կարեն Ջանիբեկյանը, «ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը, Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
Ի պաշտպանություն ազատ խոսքի եւ Հայաստանում ժողովրդական հեռուստաալիք ունենալու` բացվել է հաշվեհամար: Աշխարհի ցանկացած անկյունից յուրաքանչյուր ոք կարող է դրամական փոխանցում կատարել, ինչը կհամարվի «Ա1+»-ի վերաբացման հայտի օգտին ծանրակշիռ քվե:
Դարձիր ժողովրդական հեռուստալիքի պատվիրատուն: Գումարը կարող է լինել նույնիսկ խորհրդանշական, կարեւորը Ձեր մասնակցությունն է»:




























