NASA-ում պլանավորում են 2023 թվականին լուսնային միջազգային տիեզերական բազայի ստեղծման նախագիծ գործարկել: Այս մասին հայտնում է Informing-ը:
NASA-ի ներկայացուցիչները լուսնային բազայի ստեղծման հնարավորությունը քննարկել են Ռուսաստանի, Եվրոպայի, Կանադայի եւ Ճապոնիայի մասնագետների հետ: Փորձագետները քննարկել են տիեզերքի հետազոտման հնարավոր ուղղությունները, երբ մոտ 10 տարի հետո կդադարեցվի միջազգային տիեզերական կայանի (ՄՏԿ) շահագործումը: Դրանից հետո լուսնային կայանը կարող է դառնալ մարդու կողմից տիեզերքի յուրացման նոր փուլի առաջին քայլերից մեկը:
Նախագծի շրջանակում կձեւավորվի բազմամոդուլային կայան, որը կստեղծվի ՄՏԿ-ի նմանությամբ: Այն կպտտվի Լուսնի շուրջը: Ամենայն հավանականությամն բազան իոնային շարժիչ կունենա: Այն ստեղծելիս պլանավորվում է օգտագործել կենսապահովման համակարգերի ամենաինովացիոն տեխնոլոգիաները:
Պլանավորվում է կայանը կառուցել Orion տիեզերանավերի եւ SLS գերծանր հրթիռակիրների օգնությամբ: Orion տիզերանավերը կայանի մոդուլները տեղ կհասցնեն աստիճանաբար՝ դեպի Լուսին անօդաչու առաքելությունների շրջանակում:
Նոր լուսնային կայանը թույլ կտա նախապատրաստել դեպի Մարս օդաչուավոր առաքելությունը: Նախատեսվում է դրա վրա կատարել այն տեխնոլոգիաների թեստավորում, որոնք պետք է օգտագործվեն Կարմիր մոլորակ թռչելիս:




























