2011 թ. պետական բյուջեի նախագծում կրթությանը հատկացված է 108 մլրդ դրամ (մոտ 300 մլն դոլար), որը ՀՆԱ-ի 3,02 տոկոսն է։ Ըստ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի՝ 2011-13 թ.թ. միջինժամկետ ծրագրով նախատեսված էր, որ կրթության ծախսերը պետք է կազմեն ՀՆԱ-ի 3,5 տոկոսը, եւ կառավարությանը հաջողվել է մոտենալ այդ թիրախին։

Բյուջեի խորհրդարանական քննարկումների ժամանակ պատգամավոր Անահիտ Բաշխյանի այն հարցադրմանը, թե, արդյոք, հնարավո՞ր է գոնե 2015 թ. մոտենալ կրթության ֆինանսավորում/ՀՆԱ հարաբերակցության 4 տոկոս մակարդակին, Պ. Սաֆարյանը պատասխանեց, որ այդ հարցին կարելի է անդրադառնալ միայն այն ժամանակ երբ կներկայացվի 2013-15 թ.թ. միջինժամկետ ծախսերի ծրագիրը։ Ավելի լավատես է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որի կարծիքով 2013 թ. կրթության ծախսերը կհասնեն ՀՆԱ-ի 3,5 տոկոսին, իսկ 2015 թ. կգերազանցեն 4 տոկոսը։
Նշենք, որ զարգացած երկրների մեծ մասում կրթության ծասերը կազմում են ՀՆԱ-ի 6 տոկոսից ավելին։ Այսպես՝ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ОЭСР) կրթությանը հատկացվում է ՀՆԱ-ի միջինը 6,2 տոկոսը։