ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում այսօր՝ նոյեմբերի 4-ին, բացվեց ապրիլյան պատերազմի հերոս, Ճարտարապետության եւ Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող, Ադամ Սահակյանի` գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, Ադամ Սահակյանի հարազատներն ու ընկերները:
NEWS.am-ի հետ զրույցում Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյանը, նշեց, որ ցուցահանդեսին ներկայացված է Ադամ Սահակյանի 20 գրաֆիկական աշխատանք. «Այս աշխատանքները Ադամը արել է նախահամալսարանական տարիներին եւ առաջին կուրսում: Բոլոր աշխատանքները մեզ համար շատ թանկ են եւ մենք բոլորը հավաքել ենք եւ ներկայացրել ցուցահանդեսին»:
Լրագրողների հետ զրույցում Նարեկ Սարգսյանն էլ նշեց, որ ցուցահանդեսին ներկայացված Ադամ Սահակյանի աշխատանքները փաստում են, որ նա տաղանդաշատ երիտասարդ է եղել. «Շատ ափսոս, որ Ադամի նման տաղանդաշատ երիտասարդը զոհվել է, բայց հպարտանում ենք, որ նրա նման երիտասարդը կյանքը զոհել է հանուն հայրենիքի»:
Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանը մայիսի 28-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նրան շնորհել է «Մարտական ծառայության համար» մեդալ:











