Նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու եւ հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Բագրատաշենում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել այդ կապակցությամբ Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Ողջունելով վարչապետ Կվիրիկաշվիլիին՝ ՀՀ Նախագահը կարեւորել է բարձր մակարդակի կանոնավոր շփումները, որոնք, նրա համոզմամբ, նպաստում են հայ-վրացական հարաբերությունների ամրապնդմանն ու հնարավորություն ընձեռում կառուցողական եւ ջերմ մթնոլորտում քննարկել երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: Նախագահ Սարգսյանը հանդիպման սկզբում շնորհավորել է Գիորգի Կվիրիկաշվիլիին ու Վրաստանի բոլոր քաղաքացիներին՝ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման եւ «Վրացական երազանք» կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Վրաստանի նոր խորհրդարանն ու կառավարությունը հետեւողականորեն կշարունակեն բարեփոխումների քաղաքականությունը՝ ի նպաստ Վրաստանի հետագա զարգացման եւ բարգավաճման, ինչպես նաեւ հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների առավել ամրապնդման:
Զրուցակիցները գոհունակությամբ են նշել, որ երկու բարեկամ եւ հարեւան պետությունները հետեւողական զարգացնում են քաղաքական փոխգործակցությունը, ակտիվացնում միջպետական շփումները՝ այդպիսով ամուր հիմք ստեղծելով երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար:
ՀՀ Նախագահը եւ Վրաստանի վարչապետն անդրադարձել են առեւտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցության, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ մի շարք այլ ոլորտներում:
Վրաստանի վարչապետը շնորհավորել է ՀՀ Նախագահին նորակառույց սահմանային անցման կետի բացման կապակցությամբ: Նշելով, որ զգալի աշխատանք է կատարվել, Գիորգի Կվիրիկաշվիլին կարեւորել է ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքը, որը, նրա համոզմամբ, կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, ինչպես նաեւ հայ-վրացական առեւտրատնտեսական փոխգործակցության խորացմանը:
Սերժ Սարգսյանը եւ Գիորգի Կվիրիկաշվիլին մտքեր են փոխանակել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ:





























