Կուսակցական պատկանելությունը չպետք է կիրառվի Հայաստանի կրթական ոլորտում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ հանձնաժողովներում 2017 թվական պետական բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում հայտարարել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նախարարին հարց է ուղղել այն մասին, որ հարցումների համաձայն՝ կրթության ոլորտը երկրում ամենակոռումպացվածներից մեկն է: «Մոտ 1100 դպրոցների տնօրենները Հանրապետական կուսակցության անդամ են: Մենք բավական կուսակցականացված կրթական համակարգ ունենք: Ի՞նչ է արվում կոռուպցիայից ազատվելու եւ կրթական համակարգն ապակուսակցականացնելու ուղղությամբ: Լսել եմ, որ Դուք ցանկանում եք կրթության ոլորտն ապակուսակցականացնել»,- նշել է Արամ Մանուկյանը:
Ի պատասխան պատգամավորի հարցին՝ Լեւոն Մկրտչյանը նշել է, որ հասարակության մեջ գոյություն ունեցող ցանկացած երեւույթ կարող է արտացոլվել նաեւ կրթական ոլորտում: «Չեմ կարծում, թե կոռուպցիայի գագաթնակետը հատկապես կրթության ոլորտում է: Սակայն միանշանակ է, որ կոռուպցիայի դեմ անհրաժեշտ է պայքարել: Ինչ վերաբերում է կրթության կուսակցականացմանը՝ ես միշտ դեմ եմ եղել, կրթության ոլորտում կուսակցականություն չպետք է լինի»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ բարձրագույն կրթության մասին նոր օրենքը, որը շուտով խորհրդարանին կներկայացվի, օրենսդրական հիմքեր կամրագրի, որոնք կբացառեն կրթական համակարգի կուսակցականացումը:











