Քիչ չեն պատմություններն այն մասին, թե ինչպես են մարդկանցից համակարգչային վիրուսների միջոցով անձնական տվյալներ գողանում՝ տարբեր օգտահաշիվների գաղտնաբառեր կամ բանկային հաշիվների տվյալները: Ինչպե՞ս պաշտպանվել նման գողություններից: NEWS.am –ի հետ զրույցում մի քանի պարզ խորհուրդ է տվել Microsoft-ի տեղեկատվական անվտանգության ծրագրերի ղեկավար Արտեմ Սինիցինը եւ արտոնագրված Ծրագրային ապահովման առաջմղման բաժնի ղեկավար Դմիտրի Բերեսնեւը:

1. Օգտագործե՛ք հուսալի գաղտնաբառեր, որոնք դժվար է կոտրել: Թվում է, թե այնքան պարզ խորհուրդ է, որ դրա մասին կարելի է եւ չգրել: Այդուհանդերձ, շատ մարդիկ դեռեւս օգտագործում են հասարակ գաղտնաբառեր, որոնց կոտրելը պարզից էլ պարզ է:

Արտյոմ Սինիցինը նշեց, որ համացանցում կան ծառայություններ, որոնք կարող են ստուգել, թե որքանով են հաջող Ձեր գաղտնաբառերը, եւ որքան արագ դրանք կարող են կոտրել: Մասնավորապես, նման ծառայություն կա Microsoft-ի կայքում: Եթե Դուք վստահ չեք Ձեր գաղտնաբառերի հուսալիությանը, ստուգե՛ք դրանք նման ծառայությունում:

2. Որտեղ հնարավոր է, օգտագործե՛ք երկգործոն ինքնության հաստատում, բայց ոչ թե SMS-ով, քանի որ դրանք այսօր հնարավոր է հեշտությամբ որսալ: Դրա փոխարեն օգտագործե՛ք վեցանիշ կոդ: Օգտահաշիվ մուտք գործելու համար երկգործոն ինքնության հաստատման դեպքում միայն գաղտնաբառն իմանալը բավական չէ, պետք է նաեւ իմանալ վեցանիշ կոդը: Դա բարձրացնում է սարքի վրա պահպանվող տվյալների անվտանգության մակարդակը:

3. Ձեր համակարգչին անհայտ կրիչներ մի՛ միացրեք: Դմիտրի Բերեսնեւը նշեց, որ շատ հաճախ վիրուսները համակարգիչ են մտնում հենց կրիչներից, որոնք ուղղակի տվել են օգտատիրոջը, իսկ նա առանց մտածելու դրանք միացնում է համակարգչին:

4. Զգու՛յշ եղեք կասկածելի կայքեր մտնելիս եւ էլեկտրոնային նամակներից: Ցանցահենային ծրագրերը, որոնք բեռնում եք նման կայքերից, մեծամասամբ մոդիֆիկացված են եւ վիրուսներ են պարունակում, որոնք կարող են գողանալ Ձեր անձնական տվյալները: Նույնը վերաբերում է էլեկտրոնային նամակներին, որոնք չի կարելի բացել, եթե Դուք չեք վստայում ուղարկողին, առավել եւս չի կարելի բացել դրանց կից ֆայլերը:

Յուրաքանչյուր օգտատեր կյանքում գոնե մեկ անգամ Զիմբաբվեում կամ ԱՄՆ-ում ապրող միլիոնատիրոջից նամակ է ստացել, որն իբր թե ուզում է նրան կտակել իր ունեցվածքը, եւ դրա համար անհրաժեշտ է միայն բացել կից ֆայլը կամ Ձեր ու Ձեր բանկային հաշիվների մասին ինչ-որ տեղեկություն ուղարկել:

«Դուք կզարմանաք, թե ինչքան շատ են այդ ֆայլերը բացող մարդիկ»,- ասաց Դմիտրի Բերեսնեւը եւ խորհուրդ տվեց չմոռանալ ձրի պանրի մասին: «Պարզ է, որ եթե Ձեզ դրա պես անվճար մի բան են առաջարկում, ուրեմն, ամենայն հավանականությամբ, դա ուղղակի ծուղակ է»,- հավելեց նա:

5. Կրեդիտ քարտով մի՛ վճարեք եւ գումարային փոխանցումներ մի՛ արեք սարքերից, որոնք միացած են Wi Fi ազատ ցանցին: Ավելին՝ չարժի վճարել քարտով, որի վրա շատ փող կա այն համակարգչից, որին ցանցահենային ծրագրեր են տեղադրված եւ որից դուք հաճախ եք համացանցից ֆայլեր բեռնում: