Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, Սյունիքի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը ներկայացրել է, թե ինքն ինչ կաներ, եթե լիներ համայնքի ղեկավար:
«Եթե ես համայնքի ղեկավար լինեի, կգնահատեի՝ ինչ պոտենցիալ ունենք, ինչի վրա կարանք փող աշխատենք, այս բառն ամաչում ենք օգտագործել, բայց ինչի վրա ենք մենք հարստանալու, որտեղ ենք մենք հավելյալ արժեք ստանալու: Ինչ անեմ ես՝ որպես համայնքի ղեկավար, որ աշխատող, ղոչաղ, անհանգիստ մարդը կարողանա փող աշխատել, կարողանա մեկ ուրիշին աշխատանք տա»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետի խոսքով, դրանից հետո ինքը կմտածեր, թե ինչպես մեծացնել բյուջեն, որից հետո կտար ախտորոշումը, ապա կսկսեր աշխատել նախարարությունների հետ:
«Որ գիշերվա կեսին համայնքի ղեկավարին արթնացնեն, պիտի իր համայնքի պրոբլեմներն ասի»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիք, որտեղ հանդիպում է ունեցել համայնքների ղեկավարների հետ:











