Հայաստանի ողջ տնտեսությունը կարող է հիմնված լինել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վրա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիրբարյանը, հավելելով, որ տասը տարի առաջ անհավանական թվացող մոդելն այսօր կարող է իրականություն դառնալ:

ՁԻՀ-ի տնօրենի խոսքով, այսօր արդեն ակնհայտ է, որ 500 ՏՏ եւ 100-200 ինժեներական ընկերություն կկարողանան երկրի տնտեսական զարգացման շարժիչ ուժն ու հենարանը դառնալ: «ՏՏ ոլորտում մեծ հաջողոթյուններից հետո առաջին անգամ փորձ ենք անելու մտնել ճարտարագիտության եւ մաքուր տեխնոլոգիաների ոլորտ՝ ցույց տալով, որ ՀՀ ինտեգրացված լուծումներ տվող երկրից դառնում է արտադրանք տվող երկիր», – ասաց նա։

Խոսելով մարզային տեխնոկենտրոնների մասին՝ Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ դրանք ոչ միայն զբաղվում են ՏՏ ոլորտի զարգացմամբ, ներդրումների խթանմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, այլ նաեւ նպաստում են ներգաղթին, կերտում են որոշակի մշակույթ, մտածելակերպ, աշխարհայացք, կատարում են ուղղորդիչ դեր եւ, ամենակարեւորը, իրենց շուրջ ձեւավորում են երիտասարդության համար գրավիչ եւ ուրույն միջավայր:

ՁԻՀ-ի տնօրենի խոսքով ներկայումս Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում գործում են 25 ընկերություններ՝ 2-ը ամերիկյան, 1 ֆրանսիական, 1 թայվանական եւ 18 երեւանյան:  Կենտրոնում վերապատրաստվել է մոտ 6000 երիտասարդ, ստեղծվել է 500 նոր աշխատատեղ, ավելի քան 50 ընկերություն ստացել է աջակցություն, որոնցից 12-ը ստացել է հետագա ֆինանսավորում:

«Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի` արդեն հաջողված օրինակով մշակվել եւ իրականացվում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ծրագիրը: Նմանատիպ կենտրոնները դառնում են մարզի եւ քաղաքի կարեւոր տնտեսական բաղադրիչ՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը, ապահովելով հայաստանյան եւ արտասահմանյան կազմակերպությունների մուտքը տվյալ քաղաքներ, պատրաստելով եւ վերապատրաստելով բազմաթիվ մասնագետներ, աջակցելով տաղանդավոր երիտասարդներին եւ ընկերություններին կյանքի կոչելու նորարար բիզնես գաղափարներ»,- ասել է Բագրատ Ենգիբարյանը:

2015թ. ոլորտի ընկերությունների թվաքանակը կազմել է 450` 2014թ. 396-ի փոխարեն, ոլորտում ներգրավված է 13000 (սպասարկող անձնակազմի հետ միասին՝ ավելի քան 15000) մասնագետ` 2014թ. 11560-ի դիմաց, ոլորտի շրջանառությունը կազմել է 550 մլն ԱՄՆ դոլլար` 2014թ. 474.9 մլն դոլլարի փոխարեն:

Նշենք, որ Հայաստանի Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից եւ խորհրդատվական ընկերություններից է: