Մեկնարկել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն։ Կառավարության ղեկավարը Եկատերինբուրգ է մեկնել հայ- ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական` տասներկուրերորդ նիստին մասնակցելու նպատակով։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի գլխավորած պատվիրակությանը Եկատերինբուրգի «Կոլցովո» միջազգային օդանավակայանում դիմավորել են Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ- ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ Իգոր Լեւիտինը, Եկատերինբուրգի մարզի նահանգապետ Ալեքսանդր Միշարինը եւ «Կոլցովո» միջազգային օդանավակայանի տնօրեն Եվգենի Չուդնովսկին։ Դիմավորման արարողությունից հետո Եվգենի Չուդնովսկին ՀՀ վարչապետին եւ Ի. Լեւիտինին ներկայացրել է օդանավակայանի նորակառույց շենքը։

Այնուհետեւ Hyatt Regency Ekaterinburg հյուրանոցում կայացել է Տիգրան Սարգսյանի հանդիպումը Եկատերինբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են համայնքի անդամ գործարարները։ Ողջունելով մեր հայրենակիցներին, վարչապետը նշել է.«Ուրախ եմ, որ հնարավորութուն ունեմ հանդիպելու հայ համայնքի հետ։ Սա բացառիկ հնարավորություն է ուղղակիորեն ներկայացնել մեր պատկերացումներն ու այն իրողությունները, որոնք կան մայր հայրենիքում քաղաքական, տնտեսական ու սոցիալական առումներով, ինչպես նաեւ իմանալ ձեր կարծիքներն ու մտահոգությունները եւ հասկանանք, թե ինչպես պետք է ամրապնդենք համայնքի կապը մայր հայրենիքի հետ»։

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանարապետության տնտեսական իրավիճակը եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած քայլերն ու հակաճգնաժամային ծրագիրը։ Վարչապետ Սարգսյանը նշել է, որ չնայած ճգնաժամի իրողություններին, կառավարությանը հաջողվել է իրականացնել բոլոր սոցիալական պարտավորությունները։ Արձանագրվել է տնտեսության վերականգնում եւ տնտեսական աճի ցուցանիշն այս տարվա առաջին ինն ամիսների կտրվածքով կազմել է 2.8 տոկոս։

Կառավարության ղեկավարը պատասխանել է մեր հայրենակիցների հարցերին, որոնք վերաբերում էին հայ-ռուսական համագործակցությանը, Ռուսաստանի դաշնություն գյուղատնտեսական մթերքների արտահանման հնարավորություններին, տարածաշրջանների մակարդակով հայ- ռուսական հարաբերությունների ամրապնդման հնարավորություններին, Հայաստանի տնտեսության զարգացման մոդելի ընտրությանը, հայապահպանության ու հայրենասիրական դաստիրակակության կարեւորությանը եւ այլն։

Երեկոյան Եկատերինբուրգի մարզի նահանգապետ Ա. Միշարինի անունից ՀՀ վարչապետի պատվին տրվել է պաշտոնական ճաշ։

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի կունենա վաղը` հոկտեմբերի 23-ին։