Երեկ՝ հոկտեմբերի 22-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի քննչական բաժանմունքում հետախուզում է հայտարարվել նախկինում 2 անգամ դատապարտված, 47-ամյա Կամո Շահվերդյանի նկատմամբ:

Ինչպես NEWS.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կամո Շահվերդյանի նկատմամբ հետախուզումը հայտարարվել է ՀՀ քր.օր-ի 104-րդ հոդվածի առաջին մասի (սպանություն) եւ 235-րդ հոդվածի առաջին մասի (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ կալանավորելու սանկցիան արդեն տվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը:

Նշենք, որ հոկտեմբերի 16-ին Լոռու մարզի Ալավերդու քաղաքային հիվանդանոց էր տեղափոխվել Սանահին թաղամասի բնակիչ՝ 27-ամյա Ռոբերտ Մոսինյանը, որը ճանապարհին մահացել էր: Դեպքի օրը Ռոբերտ Մոսինյանը եւ նրա եղբայրներ Ռոմիկն ու Պերճը հանդիպել էին  Կամո Շահվերդյանին պատկանող Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտ գործող քարի արտադրամասի հարակից տարածքում՝ վագոն-տնակի մոտ: Եղբայրների եւ Կամո Շահվերդյանի միջեւ տեղի էր ունեցել վիճաբանություն, որին մասնակից էր եղել նաեւ Կամոյի որդին՝ Զորայր Շահվերդյանը: Լեզվակռվին հաջորդել են երկփողանի, ողորկափող, որսորդական հրացանից արձակված կրակոցները, որոնցից մեկն էլ դիպել էր Ռոբերտ Մոսինյանին: Վնասվել էին երիտասարդի լյարդը եւ երիկամները սնուցող անոթները:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները այնտեղ հայտնաբերել էին որսորդական հրացան, երկու պարկուճ եւ «Մերսեդես-Բենց» մակնիշի 23 ԼՍ 717 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի 15 ՍՕ 970 համարանիշի ավտոմեքենաները: Ի դեպ, «Մերսեդեսի» հետեւի անվաթեւին առկա էր հրազենային երկու հետք:

Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Լոռու մարզային վարչություն էր այցելել ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Վերջինս օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել մարզային վարչությունում, որին մասնակցել են մարզի ոստիկանության բոլոր բաժինների պետերն ու այլ բարձրաստիճան սպաներ: Հունան Պողոսյանը հստակ հանձնարարական է տվել սեղմ ժամկետում հայտնաբերել վերը նշված դեպքից հետո փախուստի դիմած անձանց:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի