Հայաստանի կենտրոնական բանկը հերքել է հայաստանյան լրատվամիջոցներից մեկում տարածված տեղեկությունը, թե ամերիկյան հետաքննությունների դաշնային բյուրոն ստուգումներ է իրականացնում Հայաստանյան բանկերում՝ պարզելու ԱՄՆ-ում բացահայտված հայկական խմբավորման աօրինի գործարքները:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Զարուհի Բարսեղյանը NEWS.am-ին հայտնեց, որ լուրն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը: «Այդպիսի բան ընդհանրապես չի կարող լինել, որեւէ մեկը չի կարող ստուգումներ իրականացնել»,- նշեց նա:
Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր տարածել, թե երեկ ՀՀ կենտրոնական բանկից հայաստանյան բոլոր բանկերին զգուշացրել են, որ իրենց մոտ ստուգումներ են սկսվելու, եւ բանկերը պետք է հավուր պատշաճի պատրաստված լինեն դրան:
ԿԲ-ին տեղեկացրել են, որ ստուգումներին մասնակցելու են նաեւ ԱՄՆ հետախուզոթյան դաշնային բյուրոյի (FBI) աշխատակիցները, որոնք Հայաստան են ժամանել հոկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ձերբակալված հայկական հանցավոր խմբի անդամների կապերը պարզելու նպատակով: «Խնդիրն այն է, որ հանցավոր խմբի անդամները խոշոր չափերի գումարներ են տեղափոխել Հայաստան, այդ թվում նաեւ բանկային փոխանցումների ձեւով, եւ ամերիկացիների ունեցած տեղեկություններով, այդ գումարներն այստեղ լվացվել են, մասնավորապես, անշարժ գույքի հետ կապված գործարքների միջոցով»,- գրել էր թերթը:





























