Հայաստանի խորհրդարանում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ պատգամավոր Արծվիկ Մինասյանը էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանից հետաքրքրվեց, թե արդյոք ճիշտ չի՞ լինի, եթե Հայաստանը վերանայի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցության պայմանները: Էկոնոմիկայի նախարարը ընդունեց, որ ԱՀԿ-ում ներկա պահին Հայաստանի դեմ բողոքներ կան, իսկ դրա հետ կապված քննարկումները կարող են շահեկան չլինել Հայաստանի համար, ուստի ցանկալի չէ այդ հարցը մամուլի միջոցով հրապարակայնացնել: Խոսքը վերաբերում է, ըստ նախարարի, ալկոհոլային խմիչքների եւ սիգարետների ակցիզներին:

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը արդեն իսկ փոփոխություններ է կատարել համապատասխան օրենքներում, ըստ որի՝ 2014թ. ներմուծվող եւ արտադրվող խմիչքների ու սիգարետների ակցիզները կհավասարեցվեն: Առայժմ պարզ չէ, թե ինչու այդ օրենսդրական փոփոխություններից հետո բողոքող կողմը` Ուկրաինան, իր բողոքը ետ չի կանչել:  

Իսկ ՀՅԴ անդամ Ա. Մինասյանը պնդեց, որ եթե ինչ-որ մարդիկ ինչ-որ պահանջներ են դնում, ու եթե այդ պահանջները մեր ազգային անվտանգության համար խնդիրներ են ստեղծում, պետք է վճռականություն դրսեւորել եւ վերանայել ԱՀԿ-ին անդամակցության պայմանները: Դրան ի պատասխան էկոնոմիկայի նախարարն ասաց, որ փոքր երկրները, ինչպիսին Հայաստանն է, տարիֆները բարձրացնելու «կապրիզ» չպետք է անեն: Եթե անգամ մեծ երկրները նման բաներ են անում, փոքրերը իրենց դա թույլ տալ չեն կարող: «Անգամ մեծ երկրների միջեւ պատերազմական վիճակ է ստեղծվում, երբ սկսում են տարիֆների բարձրացման հարցերը քննարկել»,- ասաց Ն. Երիցյանը: