Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական հաջորդ ընտրություններին կստանա խորհրդարանի տեղերի բացարձակ մեծամասնությունը: Հոկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը՝ հավելելով, թե դա ակնհայտ է եւ կասկածի ենթակա չէ:
«Ով մեզ հետ կլինի, նա կհաղթի, իսկ ով դեմ՝ կպարտվի»,- հայտարարել է Մելիքյանը:
Պատգամավորի խոսքով, իր կուսակցությունը Հայաստանի թիվ 1 քաղաքական ուժն է, ինչը բազմիցս է ապացուցվել: «Մենք եւս մեկ անգամ կապացուցենք դա կայանալիք խորհրդարանական ընտրություններում, ինչից հետո կգնանք նախագահական ընտրությունների մեր թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի հետ»,- ասել է Մելիքյանը՝ հավելելով, որ «նախընտրական բոլոր խոստումները կյանքի են կոչվել»: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, պատգամավորի կարծիքով, երկիրը շահագրգռված է իշխանության ուժեղ քաղաքական հակակռում: «Ընդդիմությունն ուժեղանում է»:
Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսին եւ խորհրդարանում նրա հնարավոր ներգրավվածությանը՝ Մելիքյան զուսպ պատասխան է տվել: «Հնարավոր է, որ լինի»,- ասել է նա՝ նկատելով, որ ՀԱԿ-ի համակիրների շարքերը համառորեն նվազում են, ինչը վկայում է հանրահավաքների եւ երթերի մասնակցությունը:
Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչու, այդ դեպքում, ՀԱԿ-ի զանգվածային միջոցառումների ժամանակ, «տարօրինակ կերպով», միջքաղաքայաին տրանսպորտը չի աշխատում, Մելիքյանը խիստ զարմացել է. «Իսկ ո՞վ է ասում»: Ըստ Մելիքյանի՝ ինքն առաջին անգամ է այդ մասին լսում: «Իսկ եթե դա այդպես է, ի՞նչն է խանգարում մարդկանց մեքենաներով գալ: Ախր նրանց ոչ ոք չի կանգնեցնում եւ հարցնում. «Ո՞ւր եք գնում»: Երբ NEWS.am-ի թղթակիցն անձնական փորձից օրինակներ է բերել, ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարել է, թե «չի ընդունում դա»:





























