Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լիովին հնարավոր է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է փորձագետ, Քաղաքական եւ ռազմական անալիզի ինստիտուտի վերլուծական բաժնի վարիչ Ալեքսանդր Խրամչիխինը:

«Այսօր Թուրքիան ինքնուրույնության բարձր  մակարդակ է ցուցաբերում, ինչը դուր չի գալիս Միացյալ Նահանգներին, եւ նրանք կարող են օգտագործել այդ լծակը, որ վերականգնեն որոշակի վերահսկողությունը»«- նկատել է քաղաքագետը: Խրամչիխինի խոսքով, իրադարձությունների նման ընթացքը լիովին նարավոր է: «Վերջին տարիների ընթացքում, Թուրքիայում իշխանության ղեկին «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հայտնվելուց հետո ինքնուրույնության միտումը սովորական պրակտիկա, փաստ դարձավ»,- նշել է փորձագետը եւ հավելել, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունները դրա ապացույցն են:

Խրամչիխինի կարծիքով, Թուրքիան կարող է լիովին վերանայել իր արտաքին քաղաքականությունը եւ հրաժարվել արեւմտամետ կուրսից:

Հարցին, հնարավոր է արդյոք իրավիճակի խորացում, ընդհուպ դիվանագիտական հարաբերությունների խզում, փորձագետը վստահություն հայտնեց, որ նման բան չի լինի: «Դիվանագիտական հարաբերությունների խզումը հավասար է պատերազմի, դա բացառվում է, սակայն հարաբերությունների կտրուկ սառեցումը ներկայիս միտումների պարագայում անխուսափելի է»,- ասել է նա: