Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի գյուտարար, համացանցի նախահայրերից մեկը համարվող, «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենի եւ նրա տիկնոջ՝ Շանթալ Լեբրյումանի, տրվել է ընդունելություն:

Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակի նախապատմությունը, մրցանակաբաշխության կոմիտեի եւ միջազգային ընտրող հանձնաժողովի գործունեության սկզբունքները, մինչ այժմ այդ պատվավոր մրցանակին արժանացած աշխարհահռչակ անձանց, իսկ մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանը ներկայացրել է այս տարի ՀՀ Նախագահի մրացանակին արժանացած անվանի գիտնական Լուի Պուզենի կենսագրությունը, նրա ներդրումը ՏՏ ոլորտում:

Նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակը հանձնել է Լուի Պուզենին եւ այդ առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ հանդես է եկել ելույթով:

Միջոցառման ժամանակ շնորհակալական խոսք է ասել մրցանակակիր Լուի Պուզենը:

«Պարոն Նախագահը շատ հաճելի խոսքեր շռայլեց իմ հասցեին, եւ իմ կարծիքով, պետք է միասին նայենք ապագային, քսան տարի հետո ինչ կլինի ինտերնետին, մենք չգիտենք: Ներկայումս մեծ մարտահրավեր է այն ապահով դարձնելը, անվտանգ դարձնելը, այսինքն՝ ավելի համապատասխանեցնելը մարդկանց կարիքներին, եւ դա ժամանակ է պահանջում, էներգիա, աշխատանք եւ նպատակադրվածություն ընդունելի հավասարակշռությանը հասնելու համար՝ արդյունաբերության, հետազոտության, տեխնոլոգիայի, սոցիոլոգիայի եւ այլ ոլորտներում: Որոշակի համատեքստում փորձենք խուսափել շահերի բախումից: Պետք է հաշվի առնենք, որ կյանքը ավելի հետաքրքիր է, քան մահը, ուստի պետք է առաջ շարժվել, փորձել դժվարությունները հաղթահարել, եւ հաջորդ տասը տարիների ընթացքում, երեւի, հասարակությունը պետք է իրեն համապատասխանեցնի ինտերնետային դարաշրջանին»,-ասել է «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի շնորհման արարողության ժամանակ.

Հարգելի՛ տեր եւ տիկին Պուզեններ,

Հարգարժա՛ն տիկնայք եւ պարոնայք,

Այսօր ես մեծ գոհունակությամբ պետք է հանձնեմ մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեցող՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակը: Պատիվ ունեմ այդ մրցանակը շնորհելու «Օփեն Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն պարոն Լուի Պուզենին: Մենք այսօր մեծարում ենք մի մարդու, ով համացանցի նախահայրերից մեկն է:

Մի օր կատակով մեկն ասաց, որ ինտերնետ համաշխարհային ցանցը ստեղծվել է հենց հայերի համար, որպեսզի աշխարհով մեկ սփռված հայերը կարողանան ավելի արագ կապ հաստատել միմյանց հետ եւ համատեղ ծրագրեր մշակեն ու իրականացնեն, այսպես ասած, հայկական աշխարհը: Պարո՛ն Պուզեն, մենք դրա համար, իհարկե, շատ շնորհակալ ենք Ձեզ: Իսկ առանց կատակի՝ պիտի ասեմ հետեւյալը. Դուք այն մարդկանցից եք, որոնք իրականություն են դարձրել մարդկության պատմության մեծագույն տեխնիկական հեղափոխություններից մեկը: Համացանցի ստեղծման հետ կարող են համեմատվել կրակի, մետաղի մշակման, գրատպության գյուտերը: Դրանք իսկապես դարակազմիկ իրադարձություններ են եղել, որոնք փոխել են ողջ աշխարհի վարքն ու նկարագիրը: Դուք նրանցից մեկն եք, ով փոխել եւ շարունակում է փոխել աշխարհը:

Ինտերնետ համաշխարհային ցանցի ստեղծման շուրջ առաջին մշակումները սկսվել են, եթե ինձ ճիշտ են հուշել, Սառը պատերազմի ժամանակ: Այդ ուղղությամբ տարվող սկզբնական աշխատանքների հիմնական նպատակն էր՝ ստեղծել այլընտրանքային կապի միջոցներ հրամանատարական վերահսկողություն իրականացնելու համար, հատկապես՝ ահավոր եւ աներեւակայելի միջուկային պատերազմի ժամանակաշրջանի համար: Փառք Աստծո, Սառը պատերազմի ծանր դիմակայությունը դարձել է պատմություն, եւ ջանքեր գործադրենք, աղոթենք, որպեսզի այդ ժամանակաշրջանը ետ չվերադառնա, իսկ համացանցն այսօր ծառայում է միլիոնավոր մարդկանց՝ խաղաղության պայմաններում:

Այս մրցանակով պարոն Պուզենի հետ միասին եւս մեկ անգամ ընդգծում ենք այդ խաղաղության եւ համագործակցության կարեւորությունը, որի իսկական եւ դրական արգասիքը եւ միջոցը պետք է լինի համացանցը:

Հարգելի՛ պարոն Պուզեն,

Այս մրցանակը, որ մենք հիմնել եւ շնորհում ենք արդեն վեցերորդ տարին, նպատակ ունի գնահատելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այն նվիրյալներին, որոնք նպաստում են մարդկության առաջընթացին եւ համախմբմանը: Մենք ուզում ենք այս մրցանակով կրկին շեշտել Ձեր եւ այս ոլորտում Ձեզ նման ռահվիրաների կարեւորությունը: Մեզ պետք են երախտավորներ, որոնց կցանկանան նմանվել մեր պատանիներն ու աղջիկները, մեր երիտասարդներն ընդհանրապես: Դուք հենց այդպիսին եք:

Իմ խոսքի սկզբում նշեցի, որ այս մրցանակը մեզ համար ունի առանձնահատուկ նշանակություն: Պատճառը միայն այն չէ, որ նոր սերնդին ցանկանում ենք արժանավոր օրինակներ ցույց տալ: Պատճառներն ավելի խորն են: Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ունի ռազմավարական նշանակություն: Թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկարում մեր կրթությունը, գիտությունը, տնտեսությունը եւ ընդհանրապես ողջ հասարակությունը աշխարհի հետ համատեղ քայլելու անհրաժեշտություն ունի եւ միայն տեղեկատվական արդիական տեխնոլոգիաներով զինված լինելու դեպքում դա կարող է անել: Ժամանակակից, արագ փոփոխվող աշխարհում մրցունակ լինելը, եթե շատերի համար բարեկեցության հարց է, ապա մեզ համար նաեւ ազգային անվտանգության հարց է: Մեր ապագայի տեսլականն այս համատեքստում է: Եվ Դուք մեզ համար հյուր եք ապագայից:

Շնորհավորում եմ Ձեզ, հարգելի՛ պարոն Պուզեն, այս մրցանակին արժանանալու առթիվ: Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ Ձեր շնորհակալ գործում: Վստահ եղեք, որ Դուք Հայաստանում այսուհետ ունեք մեծաթիվ հավատարիմ եւ ջերմ բարեկամներ: