Beeline-ի հովանավորությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) մեկնարկում է «Սասունցի Դավթի ճանապարհով» նոր կրթական ծրագիրը, որն իրականացվում է կենտրոնի Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի ցուցադրության շրջանակներում:
Կրթական անվճար ծրագրին կարող են մասնակցել 8 տարեկանից բարձր դպրոցականներ, նախապես գրանցվելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։
«Beeline–ի կողմից հովանավորվող Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթական ծրագրերը հանդիսանում են Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության ուղղություններից մեկը: Մենք ձգտում ենք օգնել երիտասարդ սերնդին կրթության ոլորտին առնչվող հարցերում, իսկ նպաստելով նրանց շփմանը պատմությանը, մշակույթին եւ արվեստին, փորձում ենք հարստացնել երիտասարդների գիտելիքները եւ ներքին աշխարհը, այդպիսով հնարավորություն տալով նրանց դարձնել իրենց կյանքն էլ ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավթի ճանապարհով» նոր կրթական ծրագիրը երեխաներին հնարավորություն է տալիս ավելի մանրամասն ծանոթանալու Արտաշես Հովսեփյանի կոթողային որմնաքանդակին, ինչպես նաեւ կիրառելու ժամանակակից մոտեցումներ՝ կոմիքսային արվեստի միջոցով վերարտադրելով Սասունցի Դավթի հերոսական կյանքի զանազան դրվագներ: Ծրագիրը խթանում է երեխաների արվեստի ընկալումը, ինչպես նաեւ հայրենասիրական զգացումները»,- մեկնաբանեց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։
Կրթական ծրագիրն ընթանում է երեք փուլով։ Ծրագրի առաջին մասում մասնակիցները ծանոթանում են Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակին եւ Հակոբ Կոջոյանի համանուն ստեղծագործությանը: Ծրագրի երկրորդ մասում մասնակիցներին համառոտ ներկացվում է կոմիքսային արվեստի սկզբունքները: Ապա յուրաքանչյուրն ընտրում է «Սասունցի Դավիթ» էպոսից մի դրվագ՝ օգտվելով համապատասխան պատկերներից եւ տեքստերից եւ վերարտադրում այն թղթի վրա կոմիքսի տեսքով: Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները հավաքում են իրենց աշխատանքները եւ ըստ ժամանակագրոթյան կազմում նոր գիրք: Յուրաքանչյուր խումբ հեռանում է՝ կենտրոնից իր հետ տանելով էպոսի յուրահատուկ ձեւավորված տարբերակ: Գրանցման եւ տեղեկությունների համար զանգահարել` (+37410) 54 19 32/34:
Նշենք, որ Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան եւ այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: 2015թ. Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ–ի Պատկերասրահ Մեկում բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվեց ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների եւ այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների եւ տվյալների բազաների առցանց շտեմարանները։



























