ՆԱՍԱ-ն նախաձեռնում է Երկիր մոլորակի հեռահար զոնդավորման մի շարք գիտական առաքելություններ, որոնք նախատեսում են ուղեծիր հանել ընդհանուր առմամբ 24 արբանյակ: Այս մասին ասել է ՆԱՍԱ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվ Քոուլը:

ՆԱՍԱ-ի գիտաշխատողը նշել է, որ խոսքը հաջորդ սերնդի 6 առաքելությունների մասին է, որոնց ընթացքում նորարարական մոտեցումներ կկիրառվեն Երկիր մոլորակի եւ առաջին հերթին կլիմայական փոփոխությունների ուսումնասիրության համար: Այդ նպատակով ամերիկացի մասնագետները պատրաստվում են տիեզերք ուղարկել սարքեր, որոնցից ամենափոքրը հացի բոքոնի չափ է, իսկ ամենամեծը՝ լվացքի մեքենայի: Դրանց քաշը տատանվում է մինչեւ 180 կգ-ի սահմաններում: Սարքերը տիեզերք կուղարկվեն առնվազն 3 տարով:

Քոուլի խոսքով՝ առաջին մեկնարկը պլանավորված է նոյեմբերի 11-ին ԱՄՆ ՌՕՈւ Վանդենբերգի բազայից: Դրա նպատակն է օգնել ավելի լավ հասկանալ ջերմոցային գազերի ազդեցությունը գլոբալ տաքացման վրա:

Իսկ դեկտեմբերի 12-ին Ֆլորիդայի նահանգի Քանավերալ հրվանդանից ուղեծիր կուղարկվի 8 արբանյակ, որոնք պետք է օգնեն ավելի ճիշտ կանխատեսումներ անել ցիկլոնների, փոթորիկների եւ թայֆունների տեղաշարժի մասին:

Հետագա մեկնարկները տեղի կունենան եկող տարվա գարնանից մինչեւ 2020 թվականը: