Իրանի նավթի եւ միջազգային հարցերի փոխնախարար Ամիր Զամանի Նիյան դեռեւս չի կարող ասել, թե ինչպես ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքները կազդեն համաշխարհային էներգետիկայի վրա, սակայն ռուսաստանցի կանանց խորհուրդ է տալիս հեռու մնալ Դոնալդ Թրամփից, եթե նա այցելի Մոսկվա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես դեռեւս չեմ կարող ուշքի գալ: Ես դեռեւս մտածում եմ, թե ինչպես ԱՄՆ նոր նախագահը կազդի ոչ միայն էներգետիկայի, այլ նաեւ միջազգային հարաբերությունների վրա: Միայն մի բան ես կարող եմ վստահ ասել. եթե նա երբեւէ այցելի Մոսկվա, նրանից հեռո՛ւ մնացեք, հարգելի՛ կանայք»,- ասել է փոխնախարարը, որը Մոսկվայում մասնակցում է նավթագազային գիտաժողովին:

Նախընտրական արշավի ժամանակ Washington Post-ը հրապարակել էր 2005-ի մի ձայնագրություն, որտեղ Թրամփը պարծենում էր կանանց նկատմամբ ոտնձգություններով: Նախկինում որոշ կանայք նրան մեղադրել էին սեռական ոտնձգությունների մեջ: