Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է առավել խստացնել զորակոչի պայմանները: Այդ մասին հոկտեմբերի 23-ին հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նիստում, որի ընթացքում ամփոփվել են 2010թ. գարնանային զորակոչի արդյունքներն ու քննարկվել 2010թ. աշնանային զորակոչի խնդիրները, նախարարը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել բանակաշինության գործընթացի կարեւորությանը: «Հայաստանի շուրջ գոյություն ունեցող սպառնալիքները հաշվի առնելով` պետք է լուրջ ուշադրություն դարձնենք բանակաշինության հարցին: Անհրաժեշտ է առաջնորդվել այն գիտակցությամբ, որ մեր հասարակությունը բանակին տալիս է իր ողջ երիտասարդ մարդկային ռեսուրսը` վստահելով մեզ այդ ռեսուրսի օգտագործումը իր անվտանգության ապահովման համար»,- նշել է նախարարը:
Հիմնական զեկույցով հանդես է եկել ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը: Ներկայացնելով 2010թ. գարնանային զորակոչի արդյունքները` նա անդրադարձել է ինչպես գրանցված հաջողություններին, այնպես էլ թերացումներին: Գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը զեկուցեց նաեւ, որ 2010թ. աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքները լիարժեքորեն կատարված են:
Նիստի ընթացքում ելույթներով հանդես են եկել Լոռու մարզպետ Ա.Քոչարյանը, ՀՀ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Ա.Պետրոսյանը, Արարատի զինկոմիսար, գնդապետ Գ.Դավթյանը: Ելույթ ունեցողները ներկայացրել են իրենց ոլորտներում առկա խնդիրները:
Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստն ամփոփեց Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարը գարնանային զորակոչի ամփոփման եւ աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքներն ընդհանուր առմամբ գնահատել է բավարար:




























