ԱՄՆ ցանկացած նախագահ պետք է ճիշտ ընկալի աշխարհի եւ մերձավորարեւելյան տարածաշրջանի ռեալ իրականությունը, ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության կապակցությամբ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախնական արդյունքներով՝ հանրապետական Թրամփը ԱՄՆ ընտրություններում ստացել է ձայների մեծամասնությունը: Նա ասել է, որ Հիլարի Քլինթոնից արդեն հաղթանակի շնորհավորանքով զանգ է ստացել:
«Մենք ուրիշ երկրների ներքին գործերին չենք միջամտում: Դա ամերիկացի ժողովրդի ընտրությունն է: Սակայն ով էլ լինի ԱՄՆ նախագահը, պետք է ճիշտ ընկալի աշխարհ եւ մեր տարածաշրջանի ռեալ իրականությունը եւ այն ռեալիստորեն ընդունի: Իրանը եւ ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերություններ չունեն»,- ասել է Զարիֆը, ում հաղորդագրությունը հրապարակվել է Իրանի ԱԳ նախարարության կայքում:
Քանի որ ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման միջազգային բազմակողմանի համընդգրկուն գործողությունների պլանով պարտավորություններ ստանձնած երկիր է, Վաշինգթոնը պետք է դրանք կատարի, նշել է Զարիֆը:




























