#HesNotMyPresident (Նա իմ նախագահը չէ) հեշթեգը Twitter-ի համաշխարհային թրենդներից է դարձել։ Առաջատարներից են նաեւ #Trump եւ President Trump հեշթեգները, փոխանցում է Gazeta–ն։
Սոցցանցի օգտատերերը օգտագործում են #HesNotMyPresident հեշթեգը ՝ ԱՄՆ ընտրությունների արդյունքների կապակցությամբ իրենց վրդովմունքն արտահայտելու համար։
Մասնավորապես նրանք հայտնում են, որ Թրամփը չի ներկայացնում իրենց շահերը, փոխանցում է BuzzFeed–ն։ «Թրամփը չի՛ հաղթել։ Հաղթել է ատելությո՛ւնը։ Հաղթել է ռասի՛զմը։ Հաղթել է սեքսի՛զմը։ Հաղթել է անկրթությո՛ւնը»,- գրում է օգտատերերից մեկը։
Մյուսները քննադատում են ընդհանուր իրավիճակը։ «Կյանքում առաջին անգամ ես հպարտ չեմ, որ ամերիկացի եմ»,- գրել է մեկնաբաններից մեկը։
Ոմանք էլ հեշթեգն օգտագործում են փոքրամասնությունների հետ իրենց համերաշխությունն արտահայտելու համար։ Մյուսները՝ որովհետեւ առաջվա պես աջակցում են Դեմոկրատական կուսակցությանն ու նրա թեկնածու ՀԻլարի Քլինթոնին։ Շատերը գրում են այն մասին, թե ինչպես են վախենում նախագահ Թրամփից։
Ոմանք էլ վստահեցնում են, որ պայքարը դեռ ավարտված չէ։ Կամ էլ իրենց ափսոսանքն են հայտնում Բարաք Օբամայի հեռանալու կապակցությամբ։
Վերջապես, օգտատերերի մի մասն էլ այս հեշթեգով ուզում է ասել «Նախագահ Թրամփն իրականում ձեր նախագահն է»։




























