Հայաստանում մեկնարկած «Smarter Armenia ’16» հեքեթոնի նպատակն է գեներացնել նոր մտքեր եւ նպաստել նորարական լուծումների ստեղծմանը առողջապահության, հեռահաղորդակցության եւ ֆինանսական ոլորտներում, որոնք ուղղված կլինեն Հայաստանն ավելի խելացի դարձնելուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ISTC ակսելերացիոն ծրագրերի ղեկավար Արեգ Գեւորգյանը (ֆոտոռեպորտաժ)։
Ըստ նրա, լուծումների համար մասնակիցները չունեն որեւէ տեխնոլոգիական սահմանափակում։ Կլինեն հատուկ մրցանակներ այն թիմերի համար, ովքեր կօգտվեն IBM Bluemix ամպային լուծումներից եւ IBM Watson-ից։
«Այս տարվա հեքեթոնի ֆորմատը նոր է մշակվել եւ առաջին անգամ է Հայաստանում իրականացվելու: Ընտրել ենք երեք ոլորտներ՝ հեռահաղորդակցության, ֆինանսական եւ առողջապահության: Համագործակցելով յուրաքանչյուր ոլորտից մեկ ներկայացուցչի հետ՝ մինչեւ հեքեթոնը հանդիպումներ կազմակերպեցինք մեր գործընկերների հետ՝ հասկանալու համար ընտրված ոլորտներում եղած բացերը: Այդ հիմքի վրա էլ մշակվեցին մրցույթի պահանջները եւ լուծում պահանջող խնդիրները ներկայացվեցին մասնակիցներին»,- ասաց Արեգ Գեւորգյանը:
Խոսելով հեքեթոնի ժամանակ առաջարկված լուծումների հետագա հգնարավոր կիրառությունների մասին՝ ակսելերացիոն ծրագրերի ղեկավարը նշեց, որ ժյուրիի կազմում ընդգրկված են նշված երեք ոլորտներից մեկական ներկայացուցիչ, որոնք էլ կգնահատեն լուծման ինովացիոն արժեքը: «Մեր նպատակն է խրախուսել թիմերին լուրջ վերաբերվել այս նախաձեռնությանը՝ չհավակնելով միայն մրցանակներին: Բնականաբար, եթե տրված լուծումները ինովացիոն տեսանկյունից հետաքրքրեն մեր գործընկերներին, թիմերին հետագա համագործակցության հնարավորություն կտրվի»,- հավելեց Արեգ Գեւորգյանը:
Հայաստանում նոյեմբերի 10-12 ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացման արարողության շրջանակում ISTC–ը IBM-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) եւ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ, առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է «Smarter Armenia ’16» հեքեթոնը:




























