Զինծառայողների օգտին քաղաքացիների վճարումները ճիշտ որոշում եմ համարում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը:

Նրա խոսքով՝ այն բոլոր խնդիրները, որոնց պետությունը բախվել է զինծառայողներին օգնելու հարցում, պետք է այս ճանապարհով ընդունելի լուծում ստանան: «Կարծում եմ, որ նվազագույն աշխատավարձ ստացողների համար ծանրաբեռնվածություն չի նախատեսվի: Իսկ մյուսների հարցը կարելի է խորհրդարանում քննարկել»,- հավելեց նախարարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կառավարության նիստին հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը եւ ուղեկցող օրինագծերի փաթեթը, որոնց համաձայն՝ աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների օգնության հիմնադրամին: