Հոկտեմբերի 23-ին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ տեղակայված խաչքարերի պուրակ, ուր տեղադրված են Ջուղայում ավերված խաչքարերի 20 կրկնօրինակները։ Պուրակը կառուցվել է ի նշան բողոքի՝ Ջուղայում մի քանի տարի առաջ ադրբեջանցիների կողմից ավերված հայկական խաչքարերի։ Հայտնի է, որ հետագայում պուրակում կտեղադրվեն 100-ից ավելի խաչքարեր։ Գյումրիից այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Բացի այդ, այսօր Գյումրիում նշվում է «Քաղաքի օր» մշակութային ծրագիրը, որը տոնվում է 2003 թվականից։ Տոնակատարության շրջանակներում Գյումրին մեծարում է իր լավագույն բնակիչներին՝ նրանց պարգեւատրելով «Վարպետ» ոսկյա կրծքանշանով, «Պատվավոր քաղաքացի» եւ այլ կոչումներով։ Այս տարի Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում են ստացել ՀՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը, Հարավային Դաշնային շրջանում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը, իսկ «Վարպետ» ոսկե կրծքանշանով պարգեւատրվել են ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը եւ «Համայնապատկեր» գրական-մշակութային հանդեսի հիմնադիր-խմբագիր Սարո Գյոդակյանը եւ դարբին Սերյոժա Մանուկյանը:





























