Կառավարության հակաճգնաժամային ծրագրերի արդյունքում մեծացավ Հայաստանի պետական բյուջեի դեֆիցիտը, պետական պարտքի ծավալը, սակայն սկսվեց վերականգնվել Հայաստանի Հանրապետության տնտեսությունը։ Նման հայտարարություն է արել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հոկտեմբերի 23-ին հանդիպելով Ուրալի դաշնային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ:
Հայաստանի կառավարության ղեկավարը, անդրադառնալով Հայաստանի տնտեսական ծրագրերին, նշել է, որ 2009 թվականին համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով այս ոլորտում անկում է նկատվել։ «Մենք իրականացրեցինք հակաճգնաժամային ծրագրեր դրան դիմագրավելու համար։ Այդ ծրագրերի արդյունքում անցանք տնտեսության դիվերսիֆիկացմանը, օգնեցինք փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին շարունակելու գործունեությունը։ Ճիշտ է, արդյունքում մեծացավ Հայաստանի պետական բյուջեի դեֆիցիտը, պետական պարտքի ծավալը, սակայն սկսվեց վերականգնվել Հայաստանի Հանրապետության տնտեսությունը։ Այս տարի անկում է նկատվում միայն գյուղատնտեսության ոլորտում, որի խնդիրների լուծման աշխատանքները շարունակվում են»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
Նրա խոսքով, զբոսաշրջությունը Հայաստանի զարգացման գլխավոր ուղղություններից մեկն է։ «Հայաստանում առկա է տուրիզմի զարգացման մեծ ներուժ։ Մի քանի օր առաջ առանձնահատուկ տեղանքում` Տաթեւում, բացվեց աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որն իր տեղը կգտնի տուրիզմի համաշխարհային քարտեզի վրա։ Ծրագրեր են իրականացվում Ջերմուկը, Արզնին, Սեւանը տուրիզմի ոլորտում զարգացնելու ուղղությամբ, վերականգնվում են վերջիններիս ենթակառուցվածքները»,- ասել է ՀՀ վարչապետը` հույս հայտնելով, որ հանդիպմանը ներկա ուսանողներից շատերը կայցելեն հայկական տուրիստական կենտրոններ, կծանոթանան Հայաստանի պատմությանը։



























