Հայաստանի տնտեսական ոլորտում մոտ ժամանակներում մեծ հեղափոխություններ չեն լինի, սակայն, միեւնույն ժամանակ, իշխանությունները գիտակցում են հարցի սրությունը եւ պրոբլեմի լուծման ուղղությամբ լուրջ աշխատանք են կատարում: Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Շիրակի մարզ կատարած այցելության ընթացքում:

«Մեր գյուղատնտեսական մթերքի շուկայում եւ, ընդհանրապես, մթերային բոլոր կետերում ամենատարածված խոսակցությունը հենց այն է, որ ամեն ինչը շատ թանկ է: Իհարկե, այդպես է, եւ այդ մտահոգությունը մենք էլ ունեն: Տվյալ պարագայում, ես չեմ էլ փորձի այս գործընթացը կապել համաշխարհային գների հետ, չեմ փորձի կապել եղանակային պայմանների հետ, որովհետեւ ինչքան էլ պատճառները լինեն հստակ, միեւնույն է, թանկացումը միշտ էլ վատ երեւույթ է, եւ այդ երեւույթի դեմ մեր պայքարը պետք է էլ ավելի ուժեղանա»,- նշել է նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ չնայած նրան, որ հիմնական թանկացումները կապված են սննդամթերքի, գյուղմթերքի հետ, որովհետեւ անցած ինն ամիսների ընթացքում Հայաստանում երկրում 4.8 տոկոս է գնաճ արձանագրվել եւ չնայած նրան, որ այդ նույն ժամանակահատվածում միջին աշխատավարձը հանրապետությունում աճել է 8 տոկոսով, սոցիալական նպաստների չափն ու կենսաթոշակներն աճել են ավելի մեծ տոկոսով: «Դուք ինձնից լավ գիտեք, միեւնույն է, սա որեւէ հանգստություն չի կարող բերել: Մյուս կողմից էլ, ես չեմ կարող խոստանալ, որ հաջորդ տարում պետական բյուջեով մենք նախատեսում ենք աշխատավարձերի եւ թոշակների կտրուկ բարձրացում, եւ որ հենց սկսենք նոր տարին, ամեն ինչ շատ հարթ է լինելու: Թեեւ նոր բյուջեն նախատեսում է զինծառայողների աշխատավարձի 10 տոկոսանոց աճ (գիտեք, նախատեսվում է մշակույթի աշխատողների, ուսուցիչների աշխատավարձի, թոշակների աճ եւ այլն), միեւնույն է, այս խնդիրը դեռեւս տեւական ժամանակ Հայաստանում լինելու է»,- ասել է նախագահը՝ որպես ելք նշելով հանրապետության ողջ տարածքում մեծ գործարանների ստեղծումը՝ կայուն եւ բարձր վարձատրվող աշխատանք ապահովելու համար: «Իսկ եթե աշխատանք լինի, մեր մարդիկ աշխատելով, նման գնաճերի պրոբլեմը, վստահաբար, կլուծեն: Ասածս հետեւյալն է` մոտ ժամանակներում մեծ հեղափոխություններ չսպասենք այս ոլորտում, բայց, միեւնույն ժամանակ, մենք գիտակցում ենք հարցի սրությունը եւ պրոբլեմի լուծման ուղղությամբ, իրոք, լուրջ աշխատանք ենք կատարում»,- արձանագրել է Հայաստանի նախագահը: