Ղրղըզստանում ընդդիմադիր «Աթա Ժուրտ» կուսակցությունը հայտարարում է, որ կրկին մահափորձ է կատարվել իր առաջնորդ Կամչիբեկ Տաշիեւի դեմ, ով Բակիեւի նախագահության ժամանակ զբաղեցրել է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը:

Մի քանի զինված անհայտ անձինք փորձել են մուտք գործել Տաշիեւի Բիշքեկի արվարձանում գտնվող մասնավոր քոթեջ: Տաշիեւի թիկնազորը նկատել է անկոչ հյուրերին, որոնց հետ փոխհրաձգություն է սկսվել: Նախնական տվյալներով, ինքը` Տաշիեւը, ով դուրս է եկել տնից, թեթեւ վնասվածք է ստացել ձեռքին, գրում է «ՌԻԱ նովոստին»:

Թիկնապահներին հաջողվել է բռնել եւ զինաթափել երեք հարձակվողների: Նրանց մոտ հայտնաբերվել է հատուկ ծառայությունների աշխատակիցների վկայականներ:

«Աթա Ժուրտ» կուսակցությունը ստեղծվել է Կուրմանբեկ Բակիեւի նախագահության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած մարդկանցից եւ ըստ նախնական տվյալների, հաղթել է խորհրդարանական ընտրություններում: