ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյուքներից առաջ եկած շոկը լիովին կիսում է նաեւ երկրի ՏՏ համայնքը, գրում է The Guardian-ը:

Սիլիկոնյան հովտի ներդրողներն առաջարկում են Քալիֆորնիան անկախ պետություն հռչակել եւ առանձնանալ Միացյալ Նահանգներից: Անհանգստության համար իրոք որ պատճառներ կան. Թրամփը հրապարակայնորեն սպառնացել է  «լուծել Amazon-ի հարցերը», ինչպես նաեւ պահանջներ է ներկայացրել Facebook, Google եւ Apple-ին:

Նախագահական ընտրությունների արդյունքները իսկական պատուհաս են դարձել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների համար: Նույնիսկ Facebook-ի եւ այլ սոցցանցերի այսպես կոչված «ֆիլտրերի փուչիկը», որը շատերին ստիպել էր հավատալ Թրամփի հաղթելու անհնարինությանը, չփոխեց նախագահական ընտրությունների ելքը:

Առաջին հերթին անհանգստացած են Սիլիկոնային հովտի բնակիչները: ՏՏ ընկերությունների ղեկավարներն առաջարկում են Քալիֆորնիան անկախ պետություն հռչակել: Առաջարկվող պրոցեսը ոմանք անվանում են Calexit  եւ  Califrexit՝  բրիտանական Բրեքսիթի անալոգով, մյուսները՝ Caleavefornia:

Hyperloop One ստարտափի ղեկավար Շերվին Պիշեվարը իր միկրոբլոգում հայտարարել է, որ պատրաստ է ֆինանսավորել «Նոր Քալիֆորնիայի» անկախացման համար շարժումը:

Սիլիկոնային հովտի եւ քալիֆորնիացիների ծայրահեղական տրամադրվածությունը կապվում է Թրամփի՝ խոշոր ՏՏ ընկերությունների հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքի հետ: Ինչպես  The Guardian–ն է գրում, Թրամփը դեմ է, որ Apple-ը Չինաստանում հեռախոսներ արտադրի, նա կարծում է, որ Facebook-ը չպետք է ներգաղթյալներին օգնի, իսկ Amazon-ը, առհասարակ, պետք է զգույշ լինի հարկերի վճարման քաղաքականության մեջ: Թրամփի հաղթանակից հետո այս ընկերությունների բաժնետոմսերի գներն ընկել են:

Ամռանը 100 ՏՏ ղեկավարներ բաց նամակ էին գրել, որտեղ նշել էին, որ Թրամփի հաղթանակը իսկական արհավիրք կդառնա ինովացիաների համար: